Արմինֆո.Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի:
Զրուցակցիները մտքեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման վերաբերյալ:
Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել են ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը և առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր:
Արարատ Միրզոյանը կարևորել է ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշումը և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի ներդրած ջանքերը:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին Պրահայում «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած հանդիպման արդյունում ընդունել են հայտարարություն, որում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը: Դրանից հետո ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, թե Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո Արցախի ժողովրդի իրավունքների, ազատությունների եւ անվտանգության ապահովման հնարավորություն եւ ռեսուրսներ չունի: Նա նշել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը անջատվում է ղարաբաղյան խնդրին առնչվող գործընթացից, կարծիք հայտնելով, թե "դա դրական միտում է": Նրա խոսքով, "Փաստորեն, ղարաբաղյան հարցի շուրջ դժվար է հասնել երուստեք ընդունելի լուծման", եւ դա "Ադրբեջանի համար Հայաստանի նկատմամբ ոտնձգությունների առիթ է":