Արմինֆո. Հոկտեմբերի 17-22-ը Երևանում կանցկացվի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը:
Այս տարի Թատերական ստուգատեսը կհավաքի ավելի քան 250 հյուրերի եւ մասնակիցների՝ 10 երկրներից, այդ թվում ՝ հայտնի արտիստների եւ միջազգային փառատոնների տնօրենների Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Հարավային Օսիայից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Ֆրանսիայից:
Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանիանվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հանդիսատեսի դատին կներկայացվի "Ռոմեո և Ջուլիետ" ներկայացումը (բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադովի բեմադրությունը):
Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան Սանկտ Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի (Ռուսաստան) «Ձմեռային հեքիաթը» և IM Perfect թատերախմբի (Իտալիա) «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումները:
Փառատոնի ողջ հասույթը, ինչպես ասվում է միջոցառման կազմակերպիչների հաղորդագրության մեջ, կուղղվի բարեգործությանը:
Հաղորդվում է, որ ներկայացումների ցուցադրություններ տեղի կունենան նաև Գյումրիում։ Մասնավորապես, Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմում ներկայացվելու է Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնի (Ռուսաստան) "Լիր արքա" բեմադրությունը։
Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև "FestOFF" հատուկ ծրագիրը, որը նախատեսված է Հայաստանի և արտերկրի անկախ թատերախմբերի և ուսանողների համար, ինչպես նաև վարպետության դասեր, որոնք կվարի հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի քանի թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովը (Ռուսաստան): Հիշեցնենք, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը Շեքսպիրյան փառատոնների եվրոպական հայտնի ցանցի անդամ է ։
Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, իսկ տնօրենը (2016 թվականից)՝ Կարո Բալյանը:
Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և "Մենք" բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: