Արմինֆո. ԱՄՆ-ն այս փուլում Արցախի հարցում չի ակտիվանում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Հայրապետյանը, հավելելով, որ բացարձակապես չի կիսում ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Ֆիլիպ Ռիքերի նշանակմանն առնչվող էյֆորիան։
"Եթե ինչ-որ մեկն, իսկապես, կարծում է, որ այս նշանակմամբ Վաշինգտոնը սեփական ուշադրությունը կենտրոնացնում է Արցախի վրա, ապա դրանով այդ մեկը մեզ միայն նոր արհավիրքների է դատապարտում։ Այս փուլում ԱՄՆ-ում բնավ մտահոգված չեն արցախցիների կյանքը, այս կամ այն աշխարհագրական բարձունքը, ճանապարհը պաշտպանելու անհրաժեշտությամբ. ԱՄՆ-ը ձգտում է կանխել Հայաստանի ռուս-թուրքական հերթական բաժանումը", - համոզված է նա։ Ըստ Հայրապետյանի՝ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսի երևանյան վերջին վոյաժը պայմանավորված էր հենց այդ ձգտմամբ։ Նրա կարծիքով, այսօր ԱՄՆ-ը փորձում է ստանձնել Հայաստանի ինքնիշխանության պահպանման երաշխավորի դեր։ Եվ նրանց միակ շարժառիթն այս ամենում Հարավային Կովկասում հերթական տեկտոնական տեղաշարժերը կանխելու ձգտումն է։
Քաղաքական գործիչը նշել է, որ իր ներկայիս աշխարհաքաղաքական ռազմավարության միջոցով Վաշինգտոնը, մասնավորապես, ձգտում է թույլ չտալ, որ տեղի ունենա տարածաշրջանում հակաամերիկյան ռուս-թուրքական նոր դիրքային դասավորությունը: Նրա կարծիքով՝ նման իրադրությունը ստեղծում է հազվագյուտ իրավիճակ, որում համընկնում են Հայաստանի եւ աշխարհի միակ գերտերության շահերը։
"Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության համար նման զուգադիպությունից չօգտվելը սխալ կլինի։ Հատկապես, այն ֆոնին, թե ինչպես բոլորովին վերջերս Բերձորի եւ Աղավնոյի հանձնումը դարձավ հերթական ապտակը, որը մենք ստացանք հենց մեր երկարամյա սեփական ապաքաղաքական մտքի պատճառով։ Այս ամենը տեղի է ունենում քայլ առ քայլ՝ բոլորին հայտնի պայմանավորվածությունների շրջանակներում։ Եվ այդ ճանապարհին մեզ դեռ շատ նման անակնկալներ են սպասվում", - ամփոփել է Հայրապետյանը։