Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության հետ Ադրբեջանի երկխոսության զարգացումը՝ ցանկացած ձևաչափով, շոշափելի ազդեցություն կունենար ողջ տարածաշրջանի համար։ Այդ մասին օգոստոսի 31-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով ՝ ՌԴ ԱԳՆ-ը դրական է գնահատում Ադրբեջանի վարչապետի մասնակցությունը Ղրղզստանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: "ԵԱՏՄ-ի հետ Բաքվի համագործակցության ներուժը շատ բարձր է, մենք նման համագործակցության մեծ հեռանկարներ ենք տեսնում։ Դա օգտակար կլինի նաև հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին", - ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ, ելույթ ունենալով Չոլպոն-Աթայում, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է ԵԱՏՄ երկրներին իր տրանսպորտային-լոգիստիկ ներուժը տրամադրելու պատրաստակամության մասին: "Վստահ ենք, որ տրանսպորտի ոլորտում փոխգործակցության խորացումը թույլ կտա ավելացնել ապրանքաշրջանառությունը մեր պետությունների միջեւ, եւ կդառնա համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար երաշխիք", - նշել է Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ Ղրղզստանում միջկառավարական խորհրդի նիստում իր ելլույյթում Ադրբեջանի կառավարության ղեկավարը հայտարարել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո ԵԱՏՄ-ին իր տրանսպորտային-լոգիստիկ ներուժը տրամադրելու պատրաստակամության մասին, ինչը մեծապես կապված է անդրսահմանային կապերի ապաշրջափակման հեռանկարների հետ: