Արմինֆո. Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երեւանում, սակայն առայժմ պատասխան չկա, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին"՝ վկայակոչելով Անկարայի դիվանագիտական աղբյուր:
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների միջեւ սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու երկրների միջեւ բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, մասնավորապես, ղարաբաղյան հարցում Անկարայի կողմից ադրբեջանական դիրքորոշման աջակցությամբ եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի սուր արձագանքով:
"Եթե խոսքը գնում է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, տրամաբանական կլիներ, որպեսզի բանակցություններն ընթանային առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության ։ Մենք առաջարկել ենք հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երեւանում, սակայն առայժմ պատասխան չենք ստացել", - ասել է ռուսական գործակալության զրուցակիցը։ Նրա ասելով, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին խոչընդոտներից մեկը հայկական սփյուռքի ճնշումն է: "Որոշ դեպքերում գործընթացը սաբոտաժի է ենթարկվում։ Բայց մենք հույս ունենք, որ կարգավորման գործընթացը կշարունակվի", - հավելել է աղբյուրը։
Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: Ինչպես հաղորդել Է ՌԴ ԱԳՆ, կողմերը բանակցությունների ընթացքում պատրաստակամություն են հայտնել երկխոսություն վարել կառուցողական չքաղաքականացված ճանապարհով: Եվս երեք հանդիպում կայացել է Վիեննայում։