ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ
Բանկի քարտերով էլեկտրոնային առևտրի անվտանգության համակարգն էլ ավելի անվտանգ է
դարձել 3D Secure նոր տեխնոլոգիայի շնորհիվ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, նպատակ ունենալով խթանել քարտերով էլեկտրոնային առևտրի
զարգացումը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը ներդրել է Visa և MasterCard քարտերով
ինտերնետում վճարումների իրականացման ժամանակակից անվտանգության համակարգ՝
պաշտպանելով իր քարտապանների վճարումները 3D Secure առաջադեմ տեխնոլոգիայով:
3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս Verified
By Visa և MasterCard SecureCode տարբերանշանները կրող կայքերում ինտերնետային
վճարումներ իրականացնելիս նույնականացնել
քարտապանին, քանի որ յուրաքանչյուր իրականացվող վճարում պետք է հաստատվի
մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով, որը SMS հաղորդագրության միջոցով
ուղարկվում է քարտապանի Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին:
Աղբյուրի համաձայն, բանկում գրանցված բջջային
հեռախոսահամար չունենալու կամ գրանցված համարի փոփոխման դեպքում, Verified By Visa
և MasterCard SecureCode սերտիֆիկատ ունեցող կայքերում գործարքները կմերժվեն՝
մինչև Բանկում հաճախորդի ճիշտ հեռախոսահամարի գրանցումը: Ուստի, 3D Secure
անվտանգության համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է համոզվել, որ Բանկում
գրանցված է տվյալ գործող բջջային հեռախոսահամարը:
Ինչպես
ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է Armenian Card-ի տնօրեն Իշխան Մխիթարյանը, միջազգային Visa և MasterCard
քարտերով սերթիֆիկացման ավարտը և 3D Secure անվտանգության
համակարգի ներդրումը 2014 թվականին իրեկանացված կարևորագույն նախագծերից է: Նա
նշել է, որ նոր տեխնոլոգիան, ըստ էության, վճարողի, ինչպես նաև մարչենտի
(ապրանքների և ծառայությունների քարտային վճարներ ընդունող վաճառողի) համար
ապահովում է շատ բարձր մակարդակի անվտանգություն: Նոր համակարգը քարտապանների
համար էապես նվազեցնում է ինտերնետ-խաբեբաների զոհ դառնալու ռիսկերը: