Արմինֆո.ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող դիմադրության շարժումն ապամոնտաժել է վրանները և ապաշրջափակել Ֆրանսիայի հրապարակը։
Երեկ երեկոյան շարժման համակարգող, "Հայաստան" խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հաղորդել է, որ որոշում է կայացվել վրանները հեռացնել հրապարակից: "Վրանային ավանն իր գործն արեց։ Ժամանակն է օգտագործել այդ մարդկանց ներուժը ավելի կարեւոր վայրերում։ Ֆրանսիայի հրապարակն այսուհետ պատկանում է Դիմադրության շարժմանը ՝ անկախ վրանների առկայությունից կամ բացակայությունից", - նշել է նա, հավելելով, որ դիմադրության շարժումը հունիսի 16-ին իրազեկման երթ կանցկացնի Արաբկիր վարչական շրջանից, հունիսի 18-ին հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում։
Դրանից հետո, արդեն ուշ երեկոյան, ընդդիմադիրները ապամոնտաժել են վրաններն ու մաքրել հրապարակը, որը մայիսի 1-ից փակ էր տրանսպորտի երթևեկության համար։
Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողները իրենց վրանները տեղափոխել են Ազատության հրապարակ և շարունակելու են իրենց պայքարն այնտեղից ։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից դիմադրության շարժումը վրաններ էր տեղադրել Ֆրանսիայի հրապարակում և հանրապետության ողջ տարածքում անհնազանդության ակցիաներ էր անցկացնում ՝ պահանջելով ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։ Շարժման մասնակիցները համոզված են, որ Հայաստանում գործող իշխանությունը հայկական պետության և Արցախի համար կործանարար քաղաքականություն է վարում և չի կարող ներկայացնել երկրի շահերը միջազգային ասպարեզում ։