Արմինֆո.Վրաստանի կառավարությունը չեղարկել է հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրյա քաղաքացիներից սահմանին կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի բացասական արդյունքների կամ պատվաստման ամբողջական կուրս անցնելու մասին փաստաթղթի պահանջը: Համապատասխան որոշումն ուժի մեջ է մտել չորեքշաբթի օրը:
"Ցանկացած երկրից ժամանող ցանկացած մարդ ազատվում է Վրաստանի սահմանը հատելիս փաստաթուղթ ներկայացնելու պարտականությունից, որը հաստատում է կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսի ընդունումը կամ ՊՇՌ-թեսթի բացասական արդյունքը", - ասված է կառավարության որոշման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օտարերկրացիներն ազատված են նաեւ Վրաստանում ինքնամեկուսացման պարտադիր շրջանից, ասվում է փաստաթղթում:
Վրաստանում արդեն անցել է համավարակի մի քանի ալիք: Այս տարվա փետրվարին Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ կորոնավիրուսի 6-րդ ալիքը անկում է ապրել ։ Ավելի քան 3,7 մլն բնակչություն ունեցող Վրաստանում համավարակի ընթացքում հայտնաբերվել է վարակման 1 658 240 դեպք, կորոնավիրուսի բարդություններից մահացել է 16 785 հիվանդ: