Արմինֆո.Միացյալ Թագավորությունը շատ բարձր է գնահատում վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռնարկված բոլոր դրական քայլերը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջեյմս Շարփը։
"Մասնավորապես, Եվրոպական միության կողմից աջակցվող այդ քայլերը մենք գնահատում ենք որպես խաղաղության պայմանագրի ուղղությամբ քայլեր, ինչպես նաեւ սահմանների սահմանազատման և հաղորդակցությունների բացման հետ կապված բոլոր հարցերի ուղղակի քննարկումը և Բրյուսել կատարած այցերի արդյունքները։ Տեղի ունեցածը մենք համարում ենք դրական քայլ", - ըստ APA-ի՝ նշել է բրիտանացի դիվանագետը։
Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ: Բանակցությունների արդյունքում Միշելը հաղորդել էր, որ առաջիկայում տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին նիստը, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հետ կապված հարցեր: Հունիսի 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ Եվրախորհրդի ղեկավարի հայտարարության մեջ նշվում էր, որ առաջնորդները պայմանավորվել են տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման մասին: "Նրանք համաձայնեցրել են Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տարանցումը կարգավորող սկզբունքները եւ Հայաստանի տարբեր հատվածների միջեւ Ադրբեջանի տարածքով, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքի միջոցով միջազգային փոխադրումները ։ Մասնավորապես, նրանք պայմանավորվել են սահմանների կառավարման սկզբունքների, անվտանգության, հողային վճարների, ինչպես նաեւ միջազգային փոխադրումների համատեքստում մաքսային կանոնների մասին ։ Առաջիկա օրերին փոխվարչապետները կշարունակեն այդ աշխատանքը", - հայտարարել էր Միշելը։ Ընդ որում, Շառլ Միշելի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ ապագայի մասին։ Ավելին, Եվրախորհրդի ղեկավարն իր հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղ համընդհանուր ճանաչված տերմինի փոխարեն օգտագործել էր ադրբեջանական "Ղարաբաղ" եզրույթը և "Ղարաբաղի հայ էթնիկ բնակչություն" ձևակերպումը։ Բացի այդ, նրա հայտարարության մեջ չեն հիշատակվում ոչ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները, ոչ կարգավորման ընդունված այլ սկզբունքները: