Արմինֆո.Ռոտերդամում մեկնարկող ԵԺԿ Քաղաքական համաժողովի մասնակիցներին բաժանվել է մեր կողմից պատրաստված անգլալեզու բուկլետ՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին։ Այդ մասին հաղորդնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Տեղեկությունները ընդգրկում են երեք բաժին. Արցախյան հիմնախնդիր, Ոստիկանական վայրագություններ,
Քաղ. բանտարկյալներ։ Այս եւ այլ խնդիրների մասին խոսել եմ եւ խոսելու եմ ինչպես ելույթների, այնպես էլ նախատեսված հանդիպումների եւ առանձնազրույցների մակարդակում։ Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում», - գրել է Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում։
Օրեր առաջ Աշոտյանը հաղորդել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցություն համագումարին եւ համաժողովին:
Նշենք, որ Հայաստանում չեն դադարում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։ Դիմադրության շարժման գնահատամամբ՝ գործող վարչապետը Հայաստանի և Արցախի համար կործանարար քաղաքականություն է վարում։ Երևանի Ֆրանսիայի հրապարակում վրանային ավան է կազմակերպվել, եւ ամենօրյա ռեժիմով անցկացվում են անհնազանդության ակցիաներ, երթեր, հանրահավաքներ։ Այսօր ոստիկանությունը բիրտ անհամաչափ ուժ է կիրառել կառավարական երրորդ շենքի մոտ խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ծեծվածների թվում են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, անչափահասներ։ 111 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն ՝ "խուլիգանության համար" ձևակերպմամբ ։