Արմինֆո.ԱՄՆ-ում կարող են բռնագրավել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի 33 652 ոտնաչափ մակերեսով առանձնատունը (3 126 քմ):
AP NEWS-ը գրում է, որ դաշնային կառավարությունը ցանկանում է բռնագրավել Լոս Անջելեսի հեղինակավոր թաղամասում գտնվող մեգա-առանձնատունը, որը, ինչպես պնդում է, գնվել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարարին եւ նրա որդիներին վճարված միլիոննների կաշառքների դիմաց:
"Երկուշաբթի դաշնային դատարան ներկայացված բողոքը պահանջում է Հոլմբի Հիլզում 33 652 ոտնաչափ (3 126 քառակուսի մետր) մակերեսով առանձնատան բռնագրավում։ ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքի համաձայն, տունը 2011 թվին 14,4 մլն դոլարով գնվել է Գագիկ Խաչատրյանի եւ նրա երկու որդիների անունից վստահագրով, որոնց Հայաստանում քրեական մեղադրանքներ են ներկայացվել: Playboy-ի նախկին առանձնատնից ոչ հեռու գտնվող կալվածքը հետագայում վերակառուցվել է նորմանդական ոճով ֆրանսիական կալվածքի՝ 11 ննջարանով եւ 26 լոգասենյակներով, ներառյալ լողավազանը, գինու մառանը, տնային կինոթատրոնը եւ սպասավորների համար նախատեսված շինությունները՝ ըստ անշարժ գույքի ցուցակների: Դաշնային բողոքի համաձայն, այն վաճառքի է հանվել անցյալ ամիս՝ 63,5 մլն դոլարով", - նշում է աղբյուրը։
Նաեւ հիշեցվում է, որ որպես "սուպերնախարար" հայտնի Խաչատրյանը 2008-2014թթ. եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ և ֆինանսների նախարար՝ 2014-2016թթ.:
"ԱՄՆ կառավարությունը պնդում է, որ հարուստ եւ ազդեցիկ գործարար Սեդրակ Առուստամյանը, ում նույնպես մեղադրանք է առաջադրվել Հայաստանում, Խաչատրյանին եւ նրա ընտանիքին կաշառքի տեսքով ավելի քան 20 մլն դոլար է վճարել իր բիզնեսի համար արտոնյալ հարկային ռեժիմի դիմաց, եւ այդ փողի մի մասը ծախսվել է առանձնատուն գնելու համար: Կառավարությունը պնդում է, որ տունն ապօրինի է ձեռք բերվել՝ օտար պետության դեմ կատարված հանցագործության արդյունքում ստացված միջոցներով, որն առնչվում է պետական պաշտոնատար անձի կաշառմանը", - գրում է աղբյուրը։
Նշենք, որ ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ 2008-14թթ. պետական ծառայության մեջ գտնվելու ժամանակ առանձնապես խոշոր չափերի սեփականության յուրացման գործով: Գ. Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: