Արմինֆո.Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս պահից Հայոց Ցեղասպանությունը ճանաչված է բոլոր 50 նահանգների, Միացյալ Նահանգների Կոնգրեսի 2 պալատների և ԱՄՆ նախագահի կողմից», - գրել է նա:
Ամերիկայի հայ դատի հանձնախումբն, իր հերթին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նահանգապետ Թեյթ Ռիվն ապրիլը հռչակել է Ցեղասպանության մասին իրազեկման եւ դրա կանխարգելման ամիս: "Միսիսիպի նահանգի հայ համայնքի անունից ես շատ շնորհակալ եմ նահանգապետ Ռիվզին այն բանի համար, որ նա կանգնել է հայ ժողովրդի կողքին և պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Երբ մենք հավուր պատշաճի նշում ենք պատմական փաստը, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, եւ բարձրացնում ենք դրա մասին իրազեկվածությունը, մենք կարող ենք աշխատել, որպեսզի վերջ դնենք նման ոճրագործություններին, որոնցից շատերն այսօր մենք տեսնում ենք աշխարհում", - ասել է ANCA-ի ակտիվիստ Սեւան Պուլիամը:
ANCA-ի հաղորդագրության մեջ նաեւ կոչ է արվում աջակցել Հայոց ցեղասպանության ոլորտում կրթության մասին օրենքի ընդունմանը, դրանով իսկ ապացուցելով, որ ԱՄՆ-ում ռեսուրսներ կան Հայոց ցեղասպանության մասին առարկայի դասավանդման եւ նոր ցեղասպանությունների կանխարգելման համար:
Նշենք, որ Ջո Բայդենը ԱՄՆ առաջին նախագահն է, ով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչել է որպես ցեղասպանություն։ Մինչև 2021 թվականի ապրիլի 24-ը ԱՄՆ ղեկավարությունը խուսափում էր նման որոշումից, որպեսզի չփչացնի հարաբերություններն Անկարայի հետ։ Մինչդեռ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, խոսքը ոչ թե Թուրքիային մեղադրելու, այլ պատմական փաստի հաստատման մասին է։ 2019 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի օգտին քվեարկել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը: