Արմինֆո. ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել այն ոստիկանի նկատմամբ, որը բռունցքով հարվածել է դիմադրության շարժման խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի դեմքին: ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն, ծառայողական քննությունը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ:
Ըստ Գլխավոր դատախազության հաղորդագրության, գերատեսչությունը միջադեպ է արձանագրել, որի ընթացքում ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է Երևանում անհնազանդության ակցիաները լուսաբանող Mediahub.am օպերատորին: Դատախազությունում նաեւ արձանագրել եւ ուսումնասիրում են այն դեպքը, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է ցուցարարին գլխին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, ի պատասխան բողոքի ակցիային գնահատական տալու լրագրողների խնդրանքին, նախ, հարվածել է բարձրախոսին, իսկ քանի որ օպերատորը շարունակել է նկարահանումները, ոտքով հարվածել է տեսախցիկին եւ հայհոյել։
Դատախազության նշած մեկ այլ դեպքում ոստիկանության ծառայողը մի քանի անգամ բռունցքով հարվածել է բերման ենթարկված տղամարդու դեմքին եւ գլխին։
Առավոտյան ժամը 08: 30-ից Երեւանում դիմադրության շարժման ակտիվիստները սկսել են զանգվածային անհնազանդության ակցիաներ՝ արգելափակելով փողոցներ: Ոստիկանությունը կոշտ ուժ է կիրառել մայրաքաղաքի փողոցների ապաշրջափակման ժամանակ, մի շարք քաղաքացիներ տուժել են: