Արմինֆո. Միացյալ Թագավորության Համայնքների պալատը պատրաստ է այսուհետ ևս ավանդ ներդնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներում։ Այդ մասին հայտարարել է ՄԹ Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլը՝ ՄԹ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես ասվում է ՄԹ-ում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին ՝ կարևորելով երկկողմ համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը: Դեսպան Ներսեսյանը խորհրդարանականին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության ընթացիկ առաջնահերթությունները:
Հիշեցնելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութոնի վերջերս Հայաստան կատարած այցի մասին' դիվանագետն ընդգծել է, որ վերջինիս այցը հաջողված էր ոչ միայն բարեկամական հարաբերությունների հաստատման, այլեւ միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման եւ ընդլայնման տեսանկյունից: