Արմինֆո. ԵՄ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում խաղաղ, կայուն եւ անվտանգ Հարավային Կովկասին աջակցելու բոլոր ջանքերին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
"Զրույց եմ ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի շարունակենք Բրյուսելի մեր վերջին քննարկումները։ Լիովին աջակցում ենք նրա և խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասին աջակցելու բոլոր ջանքերին", - գրել է Միշելը։
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նախօրեին հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:
Փաշինյանը եւ Միշելը քննարկել են նաեւ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը: Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը եւ ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարեւորությունը: