Արմինֆո. Հենց որ հայտնի դարձավ, որ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով Արցախ մուտք գործել, պաշտոնական Երևանը կապ է հաստատել թե Արցախի կառավարության, թե ռուսական իշխանությունների հետ՝ բարձր մակարդակով։ Այդ մասին ապրիլի 13-ին կառավարական ժամի ընթացքում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
"Մեզ վստահեցրել են, որ ՀՀ ԱԺ պատգամավորներին չի թույլատրվում մուտք գործել Արցախ՝ հնարավոր սադրանքներից խուսափելու համար։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա այն հստակ ձեւակերպված է ԱԳՆ հայտարարության մեջ",- հավելել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը, հիշեցնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքով ՀՀ քաղաքացիների տեղաշարժի որեւէ սահմանափակում չի նախատեսվում, եւ, առավել ևս, ՀՀ ԱԺ պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան Արցախ։
Ճշտմանը, թե՝ այդպիսին է եղել ռուս խաղաղապահների պատասխանը, Միրզոյանն ասել է, որ հայկական կողմին տեղեկացրել են, որ մուտքն արգելվել է Արցախում սադրանքներից խուսափելու համար։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆոն, Հայաստանի մի խումբ ընդդիմադիր պատգամավորների' Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, թույլ չեն տվել մուտք գործել Արցախ' խորհրդարանականների հետ հանդիպելու համար: