Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022-2023 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում հետևյալ մասնագիտություններով մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (20 կրթաթոշակային տեղ).
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ճարտարապետություն և շինարարություն», «Հնագիտություն», «Լեզվաբանություն», «Բժշկություն», «Արաբերեն լեզու», «Իսլամագիտություն»:
Ինչպես հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը, մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բյուջեի միջոցների հաշվին։
Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտ և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար: Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
1.դիմում և դիմում-հարցաթերթիկ` մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
2.հորդանանյան կողմից ներկայացված հարցաթերթիկ,
3.ավարտական փաստաթղթի՝ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
4.բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
5.անձնագրի պատճենը,
6.ինքնակենսագրություն (CV)` անգլերեն,
7.բժշկական տեղեկանք (հավելված)` անգլերեն,
8.3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
9.արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակով՝ պատճենի հետ
(1+1): Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի ապրիլի 14-ից մինչև ապրիլի 29-ը` ներառյալ` երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00: Ընդմիջում՝ ժամը 13:00-14:00:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ.՝ +37410 599644; +37410 599646)։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել վերոնշյալ հեռախոսահամարներով:
Ծանոթություն.
Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451 – Ն որոշմամբ:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: