Արմինֆո.Մոսկվայում ընթանում են Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի բանակցությունները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Հունանյանի հավաստմամբ, մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Մոսկվա։ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն առանձնազրույց են վարում, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում։ Մոսկվայում Արարատ Միրզոյանը կհանդիպի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաղորդել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն բոլոր ոլորտներում երկկողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաև այլ միջազգային հարթակներում ջանքերի համադրման քայլերը: "Բացի այդ, տեղի կունենա մտքերի հանգամանալից փոխանակում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 - ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի վերաբերյալ: Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երեւանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, Անդրկովկասում խաղաղության եւ կայունության գործի առաջխաղացմանը", - նշել էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: