Արմինֆո.Լեռնային Ղարաբաղը պատմականորեն եւ մշակութային առումով հայկական հող է, սակայն ադրբեջանական՝ միջազգային իրավական առումով. սա է ողջ խնդիրը: Այդպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահի թեկնածու, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, "Ազգային ճակատ" կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ Nouvelles Armenie-ում հրապարակված հարցազրույցում։
Նրա խոսքով, իրեն էապես անհանգստացնում է Անկարայի շարունակական աջակցությունը Բաքվին եւ Թուրքիայի ավելի ու ավելի զգալի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը: Նա կարծում է, որ ռազմական հանցագործություններով աչքի ընկած վարձկան իսլամիստներին եւ թուրք զինվորներին Ղարաբաղում պատերազմի ուղարկելու փաստը բացարձակապես անթույլատրելի է։ "Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ կցանկանայի, որպեսզի Լեռնային Ղարաբաղը միանար Հայաստանին։ Այստեղ կա որոշակի պատմական տրամաբանություն, որովհետև այդ տարածքը դարեր շարունակ բնակեցված է եղել հայերով և նրանց մշակույթի կարևոր օրրանն է։ Սակայն, ես նաև կարծում եմ, որ այդ որոշումը կարող է ձեռք բերվել միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Դրա համար էլ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնության գան։ Խաղաղության հասնելու համար բացարձակապես անհրաժեշտ է երաշխավորել եւ պաշտպանել որոշակի քանակությամբ պայմաններ: Ես նկատի ունեմ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, նրա մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանումը, ինչպես նաեւ նրա անվտանգության եւ բարգավաճման երաշխավորումը", - ընդգծել է Լը Պենը:
Քաղաքական գործիչը նշել է, որ դա նաև Ֆրանսիայի առաքելություններից մեկն է՝ որպես Մինսկի խմբի միջնորդի։ "Ես կարծում եմ, որ մեր երկիրը պետք է կարևոր դեր խաղա այդ հակամարտության կարգավորման գործում։ Դա դիվանագիտության եւ չափազանց տեւական հակամարտության որոշակի լուծումների որոնման վրա հիմնված դեր է:
Հիմնավորելով իր տեսակետը՝ Մարին Լը Պենը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցված տարածք է եւ պատմականորեն կապված է այդ ժողովրդի հետ։ "Այդպես եղել է դարեր շարունակ և թյուրքական ժողովուրդների՝ տարածաշրջան գալուց շատ առաջ։ Ոչ ոք դա չի ժխտում, եւ ես համոզված կերպով կպաշտպանեմ նրա մշակութային առանձնահատկությունը, նրա պատմությունը եւ նրա մարդկանց: Մյուս կողմից, ճիշտ է նաև այն, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է՝ միջազգային իրավունքին համապատասխան, և այդպես եղել է տասնամյակներ շարունակ։ Ավելին, ֆրանսիական դիվանագիտության պաշտոնական դիրքորոշումն այս հարցում երբեք չի փոխվել։ Արցախը, անշուշտ, ունի ինքնավարություն և Խորհրդային Միությունից եկող սահմաններ, բայց կարևոր է հիշել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վիճարկվում ոչ մեկի կողմից, անգամ՝ Հայաստանի կողմից, որը չի ճանաչում Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը։
Քաղաքական գործիչը անբավարար է համարում Ֆրանսիայի դիրքորոշումը վերջերս Արցախում տեղի ունեցած ռազմական հակամարտության ժամանակ։ "Ես տեսնում եմ, որ Ֆրանսիայի դիրքորոշումը՝ որպես Մինսկի խմբում միջնորդի, չի լսվել։ Ավելին, Էմանուել Մակրոնը ոչինչ չի արել թուրք-ադրբեջանական ռազմական հարձակմանը հակազդելու համար, որին օգնում են Թուրքիայի կողմից վարձատրվող իսլամիստ վարձկանները։ Հենց Ռուսաստանն է վերջ դրել այդ հակամարտությանը, և հենց Ռուսաստանն է պայմաններ ստեղծել իրավիճակի կայունացման համար։ Այժմ դեռ պետք է տեսնել, թե արդյոք Մոսկվան կկարողանա առաջ մղել բանակցությունները։ Կասկած չկա, որ Ֆրանսիան պատրաստ է աշխատել Կովկասում խաղաղության համար", - ընդգծել է նա: Ընդհանուր առմամբ, Լը Պենն ափսոսում է վերջին 15 տարում Ֆրանսիայի ազդեցության աղետալի կորստի համար: