Արմինֆո. Ռուսաստանը կփորձի շրջանցել իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցները Եվրասիական տնտեսական միության երկրների միջոցով։ Այդ մասին մարտի 24-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
Որպես իր խոսքերի վառ օրինակ՝ Ավտոնոմովը նշել է փոխադրողի միջոցով կամ փոստային առաքանիներով փոխադրվող ապրանքների անմաքս ներկրման շեմը ֆիզիկական անձանց համար մինչեւ 1000 եվրո բարձրացնելու Ռուսաստանի կառավարության առաջարկությունը: Ուկրաինացի դիվանագետի խոսքով ՝ այդ քայլի նպատակն ակնհայտ է. թույլ տալ պահպանել քաղաքացիների հասանելիությունը ներմուծվող ապրանքների, համալրող բաղադրիչների նկատմամբ եւ այլն, քանի որ երկրում արդեն մի շարք ապրանքատեսակների դեֆիցիտ կա: Ընդ որում, նա հավելել է, որ նման օրինակները բազմաթիվ են։
"Ինչու՞ է դա արվում հրապարակավ։ Ես որոշ ենթադրություններ ունեմ այդ կապակցությամբ", - ասել է նա ։
Ավտոնոմովը նշել է, որ ԵԱՏՄ պետությունների միջոցով պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի փորձերը անխուսափելիորեն կհանգեցնեն այն բանին, որ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող երկրները կմեծացնեն ճնշումը այդ տնտեսական ինտեգրացիոն նախագծում Ռուսաստանի դաշնակիցների նկատմամբ, որոնք կօգնեն ՌԴ-ին շրջանցել այդ պատժամիջոցները:
Նշենք, որ մարտի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել փոխադրողի միջոցով կամ փոստային առաքանիներով փոխադրվող ապրանքների անմաքս ներկրման շեմը ֆիզիկական անձանց համար մինչեւ 1000 եվրո բարձրացնելու մասին: Շեմը բարձրացվել է ժամանակավոր հիմունքներով ՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։ Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է այդ գումարը կամ դրա քաշը կազմում է 31 կգ-ից ավելի, անհրաժեշտ կլինի վճարել պատվերի արժեքի 15% - ի չափով տուրքը, բայց ոչ պակաս, քան 1 կգ-ի համար 2 եվրո:
"Այդ միջոցը թույլ կտա աջակցել այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում օտարերկրյա ինտերնետ-խանութներում, եւ խուսափել ապրանքների դեֆիցիտից։ Ներկայում անձնական օգտագործման համար ապրանքների ներմուծման անմաքս շեմը կազմում է 200 եվրո։ Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո", - ասված է ԵՏՀ հաղորդագրությունում:
Մինչդեռ, մարտի 23-ին Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաղորդել է, որ, ի տարբերություն ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, 2022 թվականի մարտի 31-ից արտասահմանյան ինտերնետ-խանութներում անմաքս գնման շեմը չի բարրձրացվի ներկայիս 200 եվրոյից մինչեւ 1000 եվրո: