Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն Երեւանին հինգ կետից բաղկացած հարաբերությունների կարգավորման առաջարկ է ուղարկել եւ սպասում է պատասխանի: "Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է հարաբերությունների կարգավորում, դա շատ լավ հնարավորություն է նրանց համար։ Մեր առաջարկին Հայաստանի կողմից պատասխան չկա արդեն գրեթե մեկ տարի։ Իր բարի կամքը ցույց տալու համար ադրբեջանական կողմը վերջերս նոր առաջարկ է արել Հայաստանին։ Առաջարկը համապարփակ փաստաթուղթ է... Մենք հայկական կողմին առաջարկել ենք որոշ հիմնարար սկզբունքներ, որոնք, ըստ էության, ներառում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորում։ Մենք արտահայտել և հաստատել ենք մեր կարծիքը՝ պետությունների միջև հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքներին և ավանդույթներին համապատասխան"։
Նշելով, որ առաջարկը վերջերս է ուղարկվել, Բայրամովն ասել է. "Մեկ էջանոց փաստաթուղթ։ Եթե հայկական կողմը ցանկանում է, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն, նա պետք է տեղեկացնի այդ առաջարկին իր մոտեցման մասին։ Պետք է ասեմ, որ այս փաստաթղթում ամրագրված բոլոր սկզբունքները միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, ոչ մի արտառոց բան չկա"։
Հարկ է նշել, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր շրջանառվում այն մասին, որ առաջարկների թվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը, ավանդույթի համաձայն, պահպանելով լռություն եւ այս կամ այն եզրափակիչ փաստաթղթերի մասին հանրությանը տեղեկացնելով կատարված փաստից հետո, երբ արդեն ոչինչ չի կարելի անել: