Արմինֆո.Առաջիկայում Հայաստանը կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Այդ մասին «Արմենպրես» գործակալլությանը հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Պայմանագրի ստորագրմանը, բնականաբար, պետք է նախորդի այդ թեմայով բանակցային գործընթացը, ու քանի որ փոխադարձ հայտարարությունները մինչև օրս կոնկրետ բանակցային գործընթացի չեն վերածվել, քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի միջնորդներին (ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը) Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», - ընդգծել է Հունանյանը:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին։ Թուրքիան, նրա ասելով, ողջունում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու Ադրբեջանի առաջարկը։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կգնա դրան։