Արմինֆո. Եվրախորհրդարանն ընդգծում է Հարավային Կովկասում ԵՄ մասնակցության ընդլայնման անհրաժեշտությունը' տարածաշրջանի կայունության եւ բարգավաճման ապահովման համար: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության վերաբերյալ 2021 թվականի հաշվետվությունում։
"Ընդգծում ենք Հարավային Կովկասում ԵՄ եւ անդամ պետությունների մասնակցության ընդլայնման անհրաժեշտությունը տարածաշրջանի կայունության եւ բարգավաճման ապահովման, ինչպես նաեւ տարածաշրջանային տերությունների ազդեցությանը եւ միջամտությանը հակազդելու համար", - ասվում է հաշվետվությունում, ընդ որում, ողջունվում է Եվրախորհրդի նախագահի մասնակցությունը Վրաստանի քաղաքական ճգնաժամի լուծման գործում:
Եվրախորհրդարանը նշում է, որ դա դիտարկում է որպես ԵՄ առաջնորդության ակտ եւ նման մոտեցման կոչ է անում Արեւելյան գործընկերության տարածաշրջանում եւ դրանից դուրս ճգնաժամային եւ կոնֆլիկտային իրավիճակներին: Այս համատեքստում կրկին աջակցություն է հայտնվում Վրաստանի տարածքային ամբողջականությանը և դատապարտվում է Ռուսաստանը։
"Կոչ ենք անում ԵՄ-ին, նրա անդամ պետություններին եւ մարդու իրավունքների գծով փոխնախագահին ակտիվորեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն կարգավորման որոնմանը եւ կանխել տարածաշրջանում լարվածության հետագա սրումը: Մասնավորապես, Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով հետպատերազմյան հարցերը լուծելու համար, ներառյալ սահմանների սահմանագծումը եւ մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակումը", - ասվում է հաշվետվությունում:
Դրա հետ մեկտեղ, փաստաթղթում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման եւ իրավահավասարության, հակամարտությունների խաղաղ կարգավորում սկզբունքների հիման վրա այդ հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը: Այս առումով՝ միջնորդներին կոչ է արվում ամենասեղմ ժամկետներում վերադառնալ իրենց միջնորդական դերին:
Վերահաստատվում է նաև Արևելյան գործընկերության երկրների անսասան աջակցությունը, մասնավորապես, նրանց անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինչպես նաև ժողովրդի կամքը հարգելու շրջանակներում:
"Կոչ ենք անում Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրերի և Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրագործման։ Ընդգծում ենք ԵՄ-ի և Ադրբեջանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը։ Արևելյան գործընկերության երկրներին և, հատկապես, նրանց, որոնք ընտրել են ժողովրդավարության և եվրոպական ինտեգրման ուղին, կոչ ենք անում ապահովել հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պահպանումը և շարունակել անհրաժեշտ սոցիալական, տնտեսական և քաղաքական բարեփոխումների իրականացումը", - ասված է հաշվետվությունում: