Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, առաջին հերթին, պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուծումների որոնման համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինինը Մեդիակենտրոնում հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Եվրամիության դերին:
Ընդ որում, նա հիշեցրել է, որ Եվրամիությունը ռազմական գործողությունների ավարտից հետո բազմիցս հայտարարել է խաղաղ գործընթացի համար շատ ավելին անելու պատրաստակամության մասին: Այս համատեքստում դիվանագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԵՄ-ն, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո ուղղակի մարդասիրական օգնություն է ցուցաբերել։ "Մենք նաեւ աջակցում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որը նույնպես ներկայացված է Լեռնային Ղարաբաղում եւ այնտեղ ներքին աջակցություն է ցուցաբերում: Քանի որ մենք չենք կարող գործունեություն ծավալել Լեռնային Ղարաբաղի ներսում։ Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք ավելին անել", - եւս մեկ անգամ ընդգծել է Վիկտորինը, հավելելով, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը անձնական հետաքրքրություն է ցուցաբերում այդ հարցի նկատմամբ եւ մասնակցել է տարբեր նախաձեռնությունների: Այս համատեքստում դեսպանը հիշեցրել է, որ նրա աջակցությամբ անցյալ տարվա ամռանը, նոյեմբերին և այս տարվա փետրվարին, Ադրբեջանից վերադարձվել են հայ ռազմագերիների խմբեր։ Դիվանագետը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է անել ավելին՝ հումանիտար հարցերի լուծման համար։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և այնտեղ ԵՄ հատուկ մոնիթորինգային առաքելության հաստատման հնարավորությանը ՝ դեսպանը նշել է, որ Բրյուսելն առաջարկել է իր ծառայություններն ու օգնությունը: "Մենք Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հատուկ քննարկումներ ենք անցկացրել այստեղ, եւ մենք պատրաստ ենք, եւ ցանկանում ենք նպաստել սահմանային իրավիճակի բարելավմանը՝ եթե մեզ հրավիրեն: Սա է հիմնական պայմանը, այսինքն, մեզ պետք է դիմեն, որպեսզի մենք օգնություն ցուցաբերենք։ Մենք նաև կարող ենք աջակցել սահմանազատման և սահմանագծման հարցում, որը նույնպես դժվար է ընթանում, եթե, իհարկե, մեզ դիմեն։ Մենք երկու կողմերի հետ կապի մեջ ենք", - ասել է նա՝ մեկ անգամ ևս մատնանշելով հակամարտության կողմերի միջև երկխոսության կարևորությունը։
Դիվանագետը նաեւ չի համաձայնել Ադրբեջանի նախագահի այն պնդումներին, թե ղարաբաղյան հակամարտությունը լուծված է։ Վիկտորինի խոսքով՝ բաց հարցերն այնքան շատ են, որ չի կարելի ասել, թե հակամարտությունը լուծված է։ "Մենք պատրաստ ենք աջակցել խնդրի լուծումներ գտնելուն՝ ցանկացած փուլում, և մեր ցանկացած քայլի դեպքում մենք խորհրդակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ դա է նաև ՀՀ կառավարության դիրքորոշումը", - ասել է եվրոպացի դիվանագետը: