Արմինֆո. Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերահաստատում են իրենց դիրքորոշումն առ այն, որ դեմ են բազմաբնակարան շենքի կառուցմանը ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանի տեղում։ Այդ մասին ասվում է ՀՀ ԳԱԱ նախագահության տարածած հայտարարությունում:
«Այդ շինությունն անվերահսկելի ռիսկեր է ստեղծում ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող, իր տեսակի մեջ միակ, գիտաարտադրական կենտրոնի բնականոն գործունեության ու զարգացման համար։
Հայաստանի տնտեսական զարգացումն ու անվտանգությունն ուղղակիորեն կապված են բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ քիմիայի և հարակից գիտությունների խթանման հետ։ Ուստի, ակադեմիական գիտական հաստատությունների պահպանումն ու շեշտակի զարգացումն անհրաժեշտություն է», - ասվում է հայտարարությունում։
Նշենք, որ մեկ օր առաջ կառավարության շենքի մոտ տեղի էր ունեցել ԳԱԱ գիտաշխատողների բողոքի ակցիա՝ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարական աշխատանքները դադարեցնելու կոչով։
Առաջին անգամ գիտական հանրությունն այս հարցի վերաբերյալ կառավարությանն իր բողոքը հայտնել է անցյալ տարվա հուլիսին: ԳԱԱ - ի տարածած հայտարարության մեջ նշվել է գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում բնակելի տան կառուցման աննպատակահարմարության պատճառները: Մասնավորապես, հայտարարության մեջ նշվել է, որ օրենքն արգելում է շենքերի կառուցումը քիմիական լաբորատորիաներից 30 մետր շառավղով, բացի այդ ՊՈԱԿ-ում առկա են թանկարժեք սարքավորումներ, որոնք կարող են վնասվել կամ շարքից դուրս գալ ցանկացած ցնցման արդյունքում; իրականացվող հետազոտությունների արդյունքում քիմիական արտանետումները կարող են առաջացնել նորակառույց շենքի բնակիչների բողոքներ և այլն:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը ՀՀ կառավարությունում հաստատված ներդրումային ծրագրի համաձայն, Green Property Development ընկերությունը մտադիր է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել "Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն " ՊՈԱԿ-ի տարածքում՝ ջրավազանի տեղում։ Ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 10 մլրդ դրամ։