Արմինֆո. Երեւան քաղաքի բնակիչների գրեթե կեսը չի պաշտպանել ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմում զինծառայողներին Ղազախստան ուղարկելու ՀՀ վարչապետի որոշումը: Այդ մասին են վկայում Հայաստանում GALLUP միջազգային ասոցիացիայի բացառիկ ներկայացուցչի MPG (Marketing Professional Group) խորհրդատվական ընկերության հարցման տվյալները։
Այն հարցին, թե ինչպես եք գնահատում ՀԱՊԿ հակաահաբեկչական գործողության շրջանակներում 100 հայ խաղաղապահների զորակազմ ուղարկելու Նիկոլ Փաշինյանի որոշումը, հարցվածների 11.2 տոկոսը շատ դրական է պատասխանել, 18.8 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 10.3 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 36.8 տոկոսը՝ խիստ բացասական, եւս 22.8 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցումն անցկացվել է այս տարվա հունվարի 24-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանի բնակիչներին հեռախոսազանգերի միջոցով: Դրան մասնակցել է 800 մարդ։ Հարցման սխալը՝ + / - 3.5%:
2011 թվականին MPG-ն դարձել Է Gallup միջազգային ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն աշխարհում հասարակական կարծիքի ուսումնասիրման ամենահեղինակավոր եւ անկախ կազմակերպություններից մեկն է: 2003 թվականից MPG-ն, աշխատելով սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների շուկայում, իրականացրել է տարբեր մասշտաբի ավելի քան 800 նախագիծ ։