Արմինֆո. Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների միջև այսօր Մոսկվայում կայացած հանդիպումը թե՛ պաշտոնական Երևանը և թե՛ Անկարան գնահատել են միևնույն կերպ՝ «դրական և կառուցողական», արձանագրել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Սակայն, ինչպես կարծում է փորձագետը, մեր հասարակությանը, մի շարք հարցերի շրջանակում, պետք է հետաքրքրի նաև մի հանգամանք. արդյո՞ք նման հանդիպումների ընթացքում Հայաստանն արծարծելու է 44-օրյա պատերազմի ընթացքում էրդողանական վարչախմբի կողմից մեր տարածաշրջան ներմուծված և անմարդկային հանցագործություններ կատարած ահաբեկիչների խնդիրը։ Ի վերջո, նրա ասելով, հայկական կողմն այս հարցում ունի հստակ ապացույցներ՝ Արցախի պաշտպանության բանակի կողմից ձերբակալված երկու ահաբեկիչ վարձկանների քրեական գործի տեսքով։
Փորձագետը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում Էրդողանի վարչախմբի մտադրությունների անկեղծության լակմուսի թուղթը կլինի դիրքորոշումը Արցախի դեմ ագրեսիայում միջազգային ահաբեկիչների ներգրավման հարցի նկատմամբ:
«Ուստի չափազանց կարևոր կլինի հասկանալ, թե որքանով «կառուցողական» կգտնվի միջազգային ահաբեկչությանը փաստացիորեն սատարող էրդողանական վարչախումբը, դիցուք, այս հարցով, ինչն էլ ևս մեկ ցուցիչ կարող է դառնալ այն բանի, թե որքանով է այն անկեղծ հարաբերությունները կարգավորելու իր «ձգտման» մեջ», - ամոփել է նա։
Նշենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: Երեւանում եւ Անկարայում կառուցողական եւ դրական են համարել կայացած բանակցությունները։