Արմինֆո.Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 23-ին չքննարկվող կարգով հավանություն է տվել Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին որոշման նախագծին:
Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, գործադիրի որոշմամբ 2021 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ նախատեսվում է հայտարարել ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Նախատեսվում է նաև պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակում մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ զորացրել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: