Արմինֆո. Այս կամ այն պետությանը դիտորդի կարգավիճակ տալու հարցը պահանջում է կոնսենսուսային որոշում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ ԶԼՄ-ների, այդ թվում ՝ ԱրմԻնֆո-ի, հարցումներին։
Ընդ որում, նա ընդգծել է, որ նման որոշմանը նախորդում են ԵԱՏՄ շրջանակներում խորհրդակցություններ՝ այդ քայլի տնտեսական նպատակահարմարությունը որոշելու համար: Այս առնչությամբ ԱԳՆ մամուլի քարտուղարը վկայակոչել է "Եվրասիական տնտեսական միության մասին" 2014 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 109-րդ հոդվածը: Հունանյանը նաեւ հաղորդել է, որ այս փուլում ոչ մի երկրից ԵԱՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ չի ստացվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով նիստի ընթացքում ԵՏԲԽ պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դառնալ դիտորդ երկիր ԵԱՏՄ-ում։ Իսկ դեկտեմբերի 15-ի ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրական էր գնահատել Նուրսուլթան Նազարբաևի առաջարկը, նշելով, որ Ադրբեջանի հետ ԵԱՏՄ համագործակցությունը կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրագործմանը։
Նշենք, որ 2015թ. հունվարի 2-ին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը։ Հայաստանը դարձել Է Եվրասիական տնտեսական միության չորրորդ լիիրավ անդամը՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ միասին։ Այսօր դիտորդ պետությունների կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան։