Արմինֆո. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին հավանություն է տվել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը:
Թեկնածությունն առաջադրել է իշխող խմբակցությունը, քանի որ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի փետրվարի 23-ին, եւ իշխանությունները մտադիր չեն նրան վերընտրել:
ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները՝ նշելով, որ նա ունի երկար տարիների մասնագիտական փորձառություն հատկապես այն ոլորտներում, որոնք վերաբերում են օմբուդսմենի ինստիտուտի գործունեությանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ ըստ Սահմանադրության՝ ՄԻՊ թեկնածու կարող է լինել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը եւ հարցրել է, թե ինչպե՞ս է որոշվել, որ այդ անձը հենց Քրիստիննե Գրիգորյանն է: Արձագանքելով Արեգնազ Մանուկյանին՝ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ հեղինակություն ունենալը չափանիշ է, որի գնահատականն ընտրության միջոցով կտա Ազգային ժողովը:
Քրիստիննե Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու համար, նշել է, որ մեր երկրում ՄԻՊ ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել եւ այսօր կայացած հաստատություններից է: Թեկնածուի խոսքով՝ այդ ինստիտուտի կայացման գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել նախկին օմբուդսմեններ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը ու այժմ պաշտոնավարող ՄԻՊ Արման Թաթոյանը: Քրիստիննե Գրիգորյանի կարծիքով՝ անվտանգային հարցերում անհրաժեշտ է ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքը՝ հետեւողականորեն առաջ մղելով սահմանամերձ գոտու ստեղծման ու խաղաղ բնակչության բնականոն կյանքի վերականգնման ու պահպանման գաղափարները:
Քրիստիննե Գրիգորյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը: