Արմինֆո.Նախորդ դարասկզբին թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը եղել է, կա և մնում է հայ-թուրքական խնդիրների ու հակասությունների անկյունաքարը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
"Եվ ես բոլորովին չեմ կարծում, որ այդ խնդիրը հանկարծ կարող է վերանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով երկու հատուկ ներկայացուցիչների նշանակումից եւ աշխատանքի մեկնարկից հետո։ Թուրքիան Հայաստանի առջև որպես նախապայման դրել է Ցեղասպանության ճանաչման միջազգային քաղաքականությունից հրաժարումը՝ մինչև 44-օրյա պատերազմը, այսինքն, այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանի դիրքերն էապես ավելի ամուր էին և բարենպաստ։ Եվ ես բոլորովին չեմ կարծում, որ Անկարայում հանկարծ որոշեն հրաժարվել այդ նախապայմանից հիմա ", - ընդգծել է նա։
Ըստ ակադեմիկոսի, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ Թուրքիայի մոտեցումը միշտ հենվել է այն բանի վրա, որ հայերը պետք է հրաժարվեն թուրքերի հանդեպ պահանջներից երիտթուրքերի գործած ցեղասպանության համար: Եվ միայն հանուն երկու ժողովուրդների բարեկամության պատմական անցյալի մոռացմանը հայերի համաձայնության դեպքում Անկարան պատրաստ էր ընդառաջ քայլեր ձեռնարկել Երևանի ուղղությամբ։
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Երեւանն ու Անկարան հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը դրական է գնահատելէ Չավուշօղլուի հայտարարությունը' հաստատելով երկխոսության համար իր հատուկ ներկայացուցչին նշանակելու Հայաստանի մտադրությունը:
Այս լույսի ներքո՝ պատմաբանը հիշեցրել է, որ դեռեւս 2001 թվականին Թուրքիան Հայաստանին համատեղ աշխատանք էր առաջարկել համապատասխան հանձնաժողովի շրջանակներում փոխադարձ հաշտեցման ուղղությամբ: Սակայն այդ գործընթացը կանգնեցվեց արդեն 2003 թվին, հետագայում նույնպես ապարդյուն վերակենդանացվեց "ֆուտբոլային" դիվանագիտության տեսքով և այժմ կրկին ծավալվում է Թուրքիայի և Ադրբեջանի համար էապես ավելի բարենպաստ պայմաններում։ Վերջինս, ակադեմիկոսի կարծիքով, ինքնըստինքյան կասկածի տակ է դնում Թուրքիայի ղեկավարության իրական խաղաղասիրական մտադրությունների առկայության հնարավորությունը։
"Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերի մասին հայ հասարակությանը տեղեկացնելու գործում դիտվող Երևանի զգուշավորությունը նույնպես պայմանավորված է Ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականությամբ։ Այս ամենը նման պայմաններում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հաղորդում է զգայունության բարձր աստիճան։ Համապատասխանաբար, Թուրքիայի հետ հարաբերություններում "հաջողությունների" մասին հասարակությանն առանձնապես տեղեկացնելու Հայաստանի իշխանությունների ցանկության բացակայությունը։ Այդպես է աշխատում այս կառավարությունը, և այդպես են աշխատել բոլոր նախորդ կառավարությունները", - ամփոփել է ակադեմիկոսը։