Արմինֆո.Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է Երևանի բնակիչներին։ Facebook-ի իր էջում երեւանցիներին հղած ուղերձում, քաղաքապետը հայտարարել է.
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարեւոր բան ունեմ ասելու այս պահին.
1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:
2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ ))
3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»:
Նշենք, որ նախօրեին կառավարող ուժը սկսել է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հիմնական փաստարկն այն է, որ նա լքել է կառավարող ուժի շարքերը, որից ընտրվել է Երևանի քաղաքապետ։ Արդեն երեկ ուշ երեկոյան "Իմ քայլը" դաշինքի խմբակցությունը հաղորդել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնի համար կառաջադրի գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։
"Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի դեկտեմբերին սեփական դիմումի համաձայն լքել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը եւ "Իմ քայլը"դաշինքը։ Նա վերահաստատել է քաղաքական պատասխանատվությունը կուսակցության եւ դաշինքի հետ չկիսելու իր որոշումը՝ քաղաքական իրադարձությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել դրանից հետո եւ վճռորոշ են եղել Հայաստանում ժողովրդավարության համար: Հայկ Մարությանը բավականաչափ արդյունավետ չի կատարել և չի կատարում "Իմ քայլը" դաշինքի կողմից երևանցիների առջև ստանձնած նախընտրական ծրագրում ամրագրված պարտավորությունները։ Նա ոչ բավարար ծավալով է կատարել և չի կատարում Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու կարևորագույն առաքելությունը։
Դաշինքը չի կարող կատարել իր ստանձնած պարտավորությունները այն իրավիճակում, երբ քաղաքապետը խզել է կապերը ավագանու քաղաքական մեծամասնության հետ։ "Իմ քայլը" դաշինքի խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետին Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց", - ասված է դաշինքի հայտարարության մեջ:
Հայտնի է նաև, որ դաշինքին արդեն հաջողվել է անհրաժեշտ ձայներ հավաքել Մարությանին հեռացնելու համար։ Մինչդեռ, ինքը՝ քաղաքապետը, հայտարարել է, որ մտադիր չէ լքել պաշտոնը։