Արմինֆո. Հայ ռեժիսոր Դավիթ Բաբայանի "Կաֆկայի երազը" կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Լոս Անջելեսի Film Maudit 2.0 կինոփառատոնի պաշտոնական ծրագրում: Այդ մասին ռեժիսորը հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է "ArtStep ստուդիայի" կողմից։ Ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյան, ֆիլմի նկարիչը՝ Գագիկ Բաբայանը, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյան, ձայնային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը:
Film maudit 2.0 կինոփառատոնը ոգեշնչվել է ֆրանսիացի ավանգարդային ռեժիսոր եւ գրող Ժան Կոկտոյից, որը 1949 թվականին ստեղծել է օրիգինալ Festival du Film Maudit (բառացիորեն <Անիծված ֆիլմեր>), որը կոչված է փառաբանելու մոռացված, ցնցող եւ փորձարարական ֆիլմերը:
Առաջիկա Film Maudit 2.0 - ը տեղի կունենա 2022 թվականի հունվարի 12-23-ը, որտեղ կներկայացվեն ավելի քան 100 ֆիլմեր ավելի քան 20 երկրներից, ներառյալ՝ ֆիլմեր, որոնք հազվադեպ են ցուցադրվում փառատոններում, եթե, ընդհանրապես, ցուցադրվում են: Հիմնականում, դրանք աշխատանքներ են, որոնք վերաբերում են արգելված թեմաներին, նվիրված են սոցիալ-քաղաքական հարցերին եւ մարտահրավեր են նետում ավանդական գեղարվեստական պատկերացումներին եւ սեռական բարքերին: Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանի "Կաֆկայի երազն" ընտրվել էր նաև լատվիական "T-SHORT ANIMATED FILM FESTIVAL" ամենամյա փառատոնի մրցութային ծրագրում: