Արմինֆո.Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատում նոյեմբերի 29-ին առաջին անգամ քննարկել են բանաձեւի նախագիծը, որն ուղղակիորեն կոչ է անում երկրի կառավարությանը ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը:
Ինչպես հաղորդում Է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU), քննարկումների ընթացքում բոլոր վեց բանախոսները միաձայն հավանություն են տվել Ավստրալիայի խորհրդարանի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին առաջարկությանը, որում ուղղակիորեն կոչ է արվում դաշնային կառավարությանը ճանաչել հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ելնելով վերոնշյալից, Ավստրալիայի խորհրդարանի ամենաներկայացուցչական պալատը դաշնային կառավարությանը կոչ է արել կատարել ազգի կամքը եւ ճանաչել հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը: "Համապարփակ արդյունքը Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կամքի արտահայտումն է եւ Ավստրալիայի կառավարության վրա ճնշման զգալի կիրառումը ։ Սա նաեւ հարված է մարդու իրավունքների այս կարեւոր հարցի շուրջ Կանբերային լռեցնելու Թուրքիայի փորձերին։ Սա համատեղ իրավական նախաձեռնության առաջին օրենսդրական հաջողությունն է, որը ձեւավորվել է 2020 թվականի փետրվարին հայ-ավստրալական, ասորակա-ավստրալական եւ հունա-ավստրալական համայնքների կողմից", - ասվում է կոմիտեի հաղորդագրությունում:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) գործադիր տնօրեն Հայկ Կայսերիանը փաստել է, որ Ներկայացուցիչների պալատն արդեն արտահայտվել է: "Ավստրալիայի խորհրդարանի ամենամեծ և ներկայացուցչական օրենսդիր պալատը միաձայն կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը։ Այդ միահամուռ արդյունքը մերժում է Թուրքիայի միջամտությունը Ավստրալիայի արտաքին քաղաքականությանը և կոչ է անում մեր երկրի վարչապետին և նրա կառավարությանը սատարել իրենց ընտրողներին և ցեղասպանությունը կոչել ցեղասպանություն", - հավելել է Կայսերյանը։
Նշենք, որ չնայած Ավստրալիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երկրի խոշորագույն նահանգները՝ Նոր Հարավային Ուելսը և Հարավային Ավստրալիան ճանաչել են մարդկության դեմ այդ հանցագործությունը: 2007 թվին Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող ակտ եւ առաջարկել է նույնն անել Ավստրալիայի դաշնային կառավարությանը, 2009 թվի մարտին Հարավային Ավստրալիայի խորհրդարանը համանման ակտ է ընդունել: Ավելին, 2013 թվականի մայիսի 1-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը օրենսդիր խորհրդի նիստում միաձայն ընդունել է ասորիների, հույների և հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին միջնորդություն: