Արմինֆո. ՌԴ գլխավոր շտաբի քարտեզները, որոնց իր Վալդայի ելույթում հղում է արել Ռուսաստանի նախագահ Պուտինը, իրականում կան և Հայաստանում, և Ադրբեջանում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
"ԽՍՀՄ-ում եղել է համապատասխան ծառայություն, որի տնօրինության տակ գտնվել են բոլոր միութենական քարտեզները, ներառյալ՝ հանրապետությունների վարչական սահմանների քարտեզները։ Բնականաբար, այդ քարտերի անալոգներ կան նաև Հայաստանի և Ադրբեջանի կառավարման համապատասխան մարմիններում։ Այսպիսով, հիշատակելով ՌԴ ԳՇ-ի բացառիկ քարտեզների մասին, Վլադիմիր Պուտինը փորձեց Ռուսաստանին հերթական բացառիկ դերը վերապահել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի ենթադրվող որոշման գործընթացում", - նկատել է նա։
Իրականում Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ Ղուկասյանի, վերջին տարիներին արդեն մի քանի անգամ ՄԱԿ-ում ներկայացրել են այդ քարտեզները։ Ըստ այդմ՝ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում ինչ-որ առանձնահատուկ դեր Ռուսաստանը, ըստ էության, չի կարող և չպետք է ունենա։ Այս լույսի ներքո՝ քաղաքագետը ենթադրել է, որ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, հազիվ թե ենթարկվեն մանիպուլյացիայի նման փորձերին։
Այս ամենը, ըստ Ղուկասյանի, ավելի է ամրապնդվում ԵԱՀԿ-ում սահմանների սահմանազատման հետ կապված հարցերում հատուկ ձեռնարկի և էական փորձի առկայությամբ, ինչի մասին արդեն հայտարարել Է Եվրահանձնաժողովը։ Նրա կարծիքով, այս ֆոնին Մոսկվան ձգտում է ցույց տալ, որ իր ձեռքի տակ ինչ-որ առանձնահատուկ հնարավորություններ կան՝ նպատակ ունենալով հիմնավորել Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եռակողմ ձևաչափի պահպանումը նաև սահմանազատման հարցում։
Ընդհանուր առմամբ, ըստ քաղաքագետի, ԱՄՆ-ը և Ֆրանսիան շարունակում են գործուն դիմադրություն ցույց տալ Արցախի շուրջ հակամարտության կարգավորումը վերջնականապես մենաշնորհելու Ռուսաստանի ծրագրերին: Ինչը, նրա խոսքով, իր արտահայտությունն է գտել 2020 թվականի դեկտեմբերին, երբ Վաշինգտոնն ու Փարիզը ձախողեցին Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության դադարեցման մասին պայմանագրի ստորագրումը, որը նախաձեռնել էր Մոսկվան՝ շրջանցելով ԵԱՀԿ-ը։ Ըստ Ղուկասյանի՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան ՌԴ-ին և Ադրբեջանին սպառնացել են այդ դեպքում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
"Հասկանալի է, որ դա արվել է բնավ ոչ հայ ժողովրդի հանդեպ ամերիկացի եւ ֆրանսիացի քաղաքական գործիչների հատուկ վերաբերմունքի պատճառով։ Նման պայմանագրի ստորագրումը, շրջանցելով հակամարտության առարկայի՝ Արցախի կարգավիճակի համաձայնեցումը, բացառում են միջազգային իրավունքի առանձնահատկությունները։ Կարևոր է նաև նշել, որ բռնության սանձազերծման, արցախյան երկրորդ պատերազմի համար պատասխանատու մեղավորները ևս դեռ որոշված չեն։ Կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը մենք կստանանք Եվրոպայի խորհրդից՝ արդեն առաջիկա ամիսներին։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ-ի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները, ինչը միանգամայն կարող է հանգեցնել նրան որպես ագրեսոր ճանաչման", - ամփոփել է Ղուկասյանը։