Արմինֆո.Նոյեմբերի 3-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ աջակցությամբ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր։ Դիտարկվել են նաև ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ներդրումային փաթեթի շրջանակներում ՊԵԿ այլ ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված համանման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները։
Կողմերն ընդգծել են ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (Twinning, TAEIX) ակտիվ կիրառման անհրաժեշտությունը մաքսային և հարկային վարչարարության բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև ԵՄ հնարավոր աջակցության դիտարկումը մաքսային լաբորատորիաների ստեղծման գործընթացում: Կարևորվել են Միասնական տարանցման կոնվենցիայի աշխատանքային խմբում Հայաստանի Հանրապետության կողմից դիտորդի կարգավիճակի ստանձման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման հետ կապված հարցերը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել ինչպես հետագա համագործակցության ընդլայնման, այնպես էլ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ:
Նշենք, որ ԵՄ աջակցության ներդրումային փաթեթը ենթադրում է առաջիկա 5 տարիների ընթացքում երկրին հատկացնել շուրջ 2.6 մլրդ եվրո: Հաջորդ տարի Հայաստանը 13 մլրդ դրամ (27 մլն եվրո) կստանա Արեւելյան գործընկերության ծրագրով Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում: Միջոցները կուղղվեն Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու, այլ ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման, առողջապահական համակարգի հաստատությունների արդիականացման, ուսումնական հաստատությունների բարելավման և գիտական ենթակառուցվածքների արդիականացման, թվային կառավարման և նորարարությունների խթանման, ինչպես նաև տնտեսության բնագավառում որակի ենթակառուցվածքի համակարգերի արդիականացման, այդ թվում ՝ գյուղմթերքի անվտանգության և որակի բարձրացման, պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում ժամանակակից լոգիստիկ կենտրոնի ստեղծման հետ կապված ՀՀ կառավարության և ԵՄ 5 համատեղ առաջնահերթ նախաձեռնությունների իրականացմանը: