Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսը մեծացնում է ճնշումը Ջո Բայդենի վարչակազմի նկատմամբ՝ Թուրքիայի F-16 կործանիչների վաճառքն արգելափակելու նպատակով։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) հաղորդագրության համաձայն, Կոնգրեսի ավելի քան 40 ներկայացուցիչներ՝ կոնգրեսական Քրիս Փափասի եւ Կոնգրեսի հունական խմբի համանախագահների Քերոլայն Մելոնիի եւ Հաս Բիլիրակիսի գլխավորությամբ նախաձեռնել են երկկուսակցական նամակ, որում ընդգծվում է Բայդենի վարչակազմի կողմից 40 F-16 կործանիչների գնումն արգելափակելու անհրաժեշտությունը:
Հաղորդվում է, որ Փափաս-Մելոնի-Բիլիրակիսի նամակը լայն աջակցություն է ստացել էթնիկ, կրոնական եւ քաղաքացիական խմբերի կոալիցիայում, որն ավելի վաղ հաջողությամբ համագործակցել է Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առաջնորդների հետ՝ Թուրքիային F-35 կործանիչների վաճառքն արգելափակելու հարցում, ինչպես նաեւ պաշտպանել է Էրդողանի վարչակազմի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին օրենքի համաձայն (CAATSA):
Կոալիցիայի մեջ են մտնում Ամերիկյան ղեկավարության հունական խորհուրդը, ANCA-ն, Քուրդիստանի ամերիկյան բարեկամները, Հնդկական ամերիկյան հիմնադրամը եւ Մերձավորարեւելյան ֆորումը: F-16-ի վաճառքի դեմ հանդես եկող մյուս խմբերի թվում են Ամերիկյան հրեական կոմիտեն, PSEKA-ն, Ամերիկյան հունական ինստիտուտը, Հույների համակարգված ջանքերը եւ Ամերիկայի հայկական խորհուրդը:
Փափաս-Մելոնի-Բիլիրակիսի երկկուսակցական նամակում մտահոգություն է հայտնվում Թուրքիային F-16 կործանիչների եւ արդիականացման համար նախատեսված 80 լրակազմերի հնարավոր վաճառքի կապակցությամբ, նշվում են վաճառքի հետ կապված անվտանգության ռիսկերը՝ ԱՄՆ-ի օրենքներին չհետեւելու ֆոնին:
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ երկիրը ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթաց է սկսել։ Նա ընդգծել էր, որ երկրի բանակի սպառազինությունում գտնվող F-16 կործանիչները թարմացում են պահանջում։ Աքարի խոսքով՝ Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է ոչ միայն նոր մատակարարումներ, այլեւ՝ "Թուրքիայի ունեցած ռազմական ինքնաթիռների արդիականացում": Նոր գործարքի մշակումը սկսվել է հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչների ծրագրից Թուրքիային հեռացնելուց հետո։ Դրա համար առիթ է հանդիսացել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումը։ Մինչդեռ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն չի բացառել Անկարայի կողմից ռուսական Սու-35 եւ Սու-57 կործանիչների գնումը՝ ամերիկյան F-16-երի փոխարեն: