Արմինֆո.Նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները։ Փաստաթուղթն ստորագրվել էր 2019 թվականին Դոնալդ Թրամփի կողմից՝ Սիրիայում թուրքական ռազմական գործողության պատճառով։
"Իրավիճակը Սիրիայում եւ նրա շուրջ, հատկապես, Թուրքիայի իշխանությունների գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական հարձակում իրականացնելու ուղղությամբ, խարխլում են ԻԼԻՊ-ի ջախջախման արշավը, ինչպես նաեւ սպառնալիքի տակ են դնում քաղաքացիական անձանց եւ սպառնում տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության խաթարմամբ", - ասված է Բայդենի հայտարարության մեջ, հաղորդում Է Սպիտակ տունը:
2019 թվականին պատժամիջոցների սահմանման համար առիթ էր դարձել թուրքական բանակի ռազմական ներխուժումը Սիրիա եւ քուրդ աշխարհազորի դեմ գործողությունը: Այն ժամանակ Անկարան Հասեկե և Ռաքքա նահանգներում "Խաղաղության ակունք" ռազմական գործողություն էր իրականացրել՝ ստեղծելով 30 կմ անվտանգության գոտի՝ թուրքական սահմանի երկայնքով։ Այդ շրջանում բնակվող քրդերն այնտեղից դուրս են բերել իրենց ջոկատները, բայց ժամանակ առ ժամանակ հարձակումներ են գործում թուրքական զորքերի և սիրիական ընդդիմության կազմավորումների դեմ։
Պատժամիջոցների տակ են հայտնվել Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ու Էներգետիկայի նախարարությունը, պաշտպանության նախարար, Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին հրամանատար Հուլուսի Աքարը, էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը եւ "Արդարություն եւ զարգացում" կառավարող կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն: