Արմինֆո.Բաքվի եւ Թեհրանի միջեւ դիմակայությունը նոր թափ է հավաքում։ Իրանը փակել է օդային տարածքն Ադրբեջանի ռազմաօդային ավիացիայի համար, Բաքվի պատասխանը իրեն երկար սպասել չի տվել։
"Իրանի կառավարությունը պաշտոնական ռազմական խողովակներով ծանուցում է ուղարկել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը։ Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմաօդային ավիացիայի համար, որը ռազմական մատակարարումներ է իրականացնում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն", - հաղորդում է haqqin.az գործակալությունը:
"Բաքուն պաշտոնական Թեհրանի այս որոշումը գնահատել է որպես եւս մեկ դավաճանություն Ադրբեջանի հանդեպ, որն ընդունվել է Հայաստանի կառավարության դրդմամբ։ Իրանի դավաճանությունը զգալի վնաս չի հասցնի Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված զորամասերի մատակարարման հարցում առանձնաշնորհը վերապահել է այլ երթուղիների: Սակայն Թեհրանի այս քաղաքական որոշումը Բաքվին դրդում է ոչ երկիմաստ եզրակացությունների Իրանի կառավարության արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին", - գրում է աղբյուրը, հիշեցնելով, որ Իրանն ակտիվորեն օգտագործում է Ադրբեջանի տարածքը որպես տարանցում հիմնական տրանսպորտային փոխադրումների իրականացման համար։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքին։
Հայտնի է դարձել նաև, որ Ադրբեջանը, ի պատասխան Իրանի կողմից ադրբեջանական ռազմական ինքնաթիռների համար իր օդային տարածքը փակելուն, փակել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գրասենյակը Բաքվում: Տեղեկատվության համաձայն, գրասենյակի գործունեությունը, որը գտնվում է "Հուսեյնիա" մզկիթի շենքում, դադարեցվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից երկրպագության վայրը զննելուց հետո:
Ինչպես հաղորդել Է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էխսան Զախիդովը, "վերջին օրերին Բաքվի մի քանի վայրերում կտրուկ աճել է COVID-19 վարակվածների թիվը, եւ այդ վայրերից մեկը Հուսեյնիա մզկիթն է: Այդ պատճառով այդ վայրերի, այդ թվում ՝ մզկիթի գործունեությունը դադարեցվել է։ Ներկայում համաճարակաբանական ծառայությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում"։
Նշենք, որ Բաքվի եւ Թեհրանի միջեւ փորձաքար է դարձել իրանական բեռնատարների նկատմամբ ադրբեջանական ուժայինների գործողությունը ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին, որի 21 կիլոմետրանոց հատվածը հայտնվել է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Ադրբեջանական կողմը այդ հատվածով երթեւեկելու համար 200-400 դոլար է պահանջում իրանցի վարորդներից՝ որպես մաքսավճար։ Ավելին, իրանցի երկու վարորդ ձերբակալվել է, իբր, Լեռնային Ղարաբաղ բեռ փոխադրելու համար։