Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում, նախքան ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին օրինագծի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է հիմնական առաջնահերթությունները, որոնց վրա հենվում է բյուջեն:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև:
«Դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները: 2021թ. տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը և բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման և դեպի ապագա նայելու հայ ժողովրդի ձգտման համար: Օգոստոսին մենք ներկայացրեցինք Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը, որը պետք է հիմքեր ստեղծի միջնաժամկետ հատվածում Հայաստանի Հանրապետության խաղաղ, կայուն և ներառական զարգացման համար: Մեր նպատակադրումները, որոնք արտահայտված են 2022թ. բյուջեում և նաև գործունեության ծրագրում, հավակնոտ են և իրատեսական:
Մենք գիտակցում ենք, որ դրանք կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական միջամտություններ կառավարության կողմից, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ: Առաջին հերթին կարևորում ենք պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը և աշխատանքային մշակույթի վերափոխումը և զարգացումը: Ամենակարևորը, թերևս, պլանավորման և իրագործման մշակույթն է, ծրագրերի իրագործման գործընթացները, որոնց անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների և, հետևաբար, կառավարության կողմից սահմանված նպատակների իրագործման դանդաղման, և այսպիսով խոչընդոտվում է նաև տնտեսական աճը:
Այս առումով էական դեր ունի նաև մասնավոր հատվածի կարողությունների զարգացումը: Եվ դրան ուղղված կառավարության ջանքերը սկսել են արդյունքներ տալ՝ ի դեմս այն ընկերությունների, որոնք պետական կապիտալ շինարարության ոլորտում մրցունակ լինելու համար ներդրումներ են անում, այսպիսով ձգտելով ծրագրերն իրականացնել որակով և ժամանակին: Կառավարությունը մտադիր է շարունակել այս ոլորտում ներդրումները խթանող քաղաքականությունը, դրա համար կիրառելով 3 հիմնական գործիք: Առաջինը՝ պետական գնումների համակարգի թափանցիկությունը, երկրորդը՝ մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացումը, երրորդը՝ հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծությունները:
Հաջորդ կարևորագույն խնդիրը՝ վերլուծական կարողությունների զարգացումն է, ինչը թույլ կտա բարձրացնել ծախսերի, ներդրումների արդյունավետությունը, սոցիալական ծրագրերի հասցեականությունը, որը կարևորագույն խնդիրներից է: Արդյունքում կբարձրանա նաև ՀՀ քաղաքացիների վստահությունը, որ իրենց հարկերը ծախսվում են առավել արդյունավետ և թիրախային: Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունը իրենց կյանքի վրա: Սրա կարևոր բաղադրիչ է հանդիսանում հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման և իրականացման տարբեր փուլերում, ինչի ուղղությամբ արդեն իսկ բավականին քայլեր են արվել նախորդ 3 տարիների ընթացքում և մեծ ուշադրություն է դարձվելու առաջիկայում ևս:
2022թ. բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթությունների վրա: Առաջինը՝ անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացում, երրորդը՝ կրթության և գիտության արդիականացում: Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները: Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը: Այդ օրակարգի իրագործման մեր տեսլականին մանրամասն անդրադարձել եմ Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ:
Այս իմաստով կարևոր է նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, որը կարող է որակապես փոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու համար, էականորեն բարձրացնել մեր երկրի գրավչությունն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար:
Նաև այս համատեքստում կրթության զարգացումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, ուստի կրթության հասանելիությունը, ներառական զարգացումը և բովանդակային բարեփոխումը մեր երկարաժամկետ առաջնահերթությունն է: Մեր նպատակն է անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ: Սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ և անհատ լինելու միակ ճանապարհը: Գիտության և տեխնոլոգիական ոլորտի զարգացումն այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է, և այստեղ էլ կառավարությունը ներդնում է ֆինանսավորման նոր բանաձևեր: Իհարկե, հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առջև ծառացած բոլոր հարցերը, մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու և, ըստ էության, ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից:
2022թ. բյուջեում մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել կառավարության առաջնահերթությունները և միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը: Մենք սահմանում ենք մեր ռազմավարական նպատակները և նրանց իրականացման առաջնահերթություններն այնպես, որ նրանցից յուրաքանչյուրի իրականացումը հիմքեր ստեղծի մյուսների արդյունավետ իրագործման համար: Մենք վստահ ենք, որ կառավարության ծրագիրը ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը», - ընդգծել է վարչապետը: