Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ բացառել է արցախահայությանը որևէ ինքնավարություն տրամադրելու հնարավորությունը ։
"Ինչ վերաբերում է ինքնավարության մասին խոսակցությանը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ գիտեն Ադրբեջանի դիրքորոշումը։ Մենք ժամանակին առաջարկել ենք հայերին ինքնակառավարման որոշակի աստիճան տրամադրել, բայց նրանք մշտապես մերժել են այդ տարբերակը։ Նրանք խոսում էին միայն անկախության մասին։ Իսկ հիմա, երբ հակամարտությունը մնում է ետեւում, նրանք բարձրացնում են ինքնավարության հարցը։ Սակայն, մեր օրակարգում չի մտնում նրանց որեւէ ինքնավարություն տրամադրելը", - ասել Է Ալիեւը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է "Ինտերֆաքս-Ադրբեջանը":
Նա վերահաստատել է իր դիրքորոշումը, որ ԼՂ հակամարտությունն ավարտված է համարում։ "Հակամարտությունը կարգավորված է, դա իմ դիրքորոշումն է, իրականությունը ցույց է տալիս, որ այս դիրքորոշումը ճիշտ է: Ուստի, որևէ հայտարարություն այն մասին, որ հակամարտությունը լուծված չէ, ոչ միայն տեղին չէ, այլև շատ վտանգավոր է։ Եթե հակամարտությունը լուծված չէ, թող ասեն, թե ինչպես պետք է այն լուծել", - հարցրել է նա։
Ընդ որում, Ալիեւը հայտարարել է, որ երբեք "տարածքային նկրտում չի ունեցել Հայաստանի նկատմամբ, Զանգեզուրը "Ադրբեջանի պատմական հող է եւ անբաժանելի մասը": "Ես վստահ եմ, որ մենք այնտեղ կվերադառնանք։ Ես արդեն ասել եմ, որ մենք այնտեղ գնալու ենք ոչ թե տանկերով, այլ ոտքով,
մեքենաներով եւ ինքնաթիռներով: Եթե իրավիճակի կարգավորումից հետո խաղաղ համաձայնություն ձեռք բերվի, ինչու՞ չվերադառնանք։ Դա մեր լեգիտիմ իրավունքն է", - հայտարարել է նա։