Արմինֆո. Freedom House-ը մտահոգված է Facebook-ի օգտատիրոջ դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ, որը մեկնաբանության մեջ վիրավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության թվիթերյան էջում զետեղված հայտարարությունում։
"Ընդամենը երկու ամիս առաջ խորհրդարանը քրեական հանցագործություն էր հայտարարել "ծանր վիրավորանքը" կառավարական պաշտոնյաների հասսսսսցեին, ինչը վկայում է ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիայի մասին, ներառյալ խոսքի ազատությունը", - ընդգծել են Freedom House-ում:
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել Facebook-ում Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանության համար: "Քրեական գործ է հարուցվել 137.1 հոդվածով (մարդուն ծանր վիրավորանք հասցնելը նրա հասարակական գործունեության կապակցությամբ) ։ Իրավապահ մարմինները միջոցներ են ձեռնարկում մեկնաբանության հեղինակի ինքնությունը պարզելու համար",- հաղորդել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախորդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին օրենք է ընդունել, որը քրեականացնում է անպարկեշտ խոսքերն ու հայհոյանքը։ Քրեական օրենսգրքում ավելացվել է 137.1-րդ հոդվածը՝ "ծանր վիրավորանք", այն նախատեսում է մինչեւ 3 մլն դրամի չափով տուգանք կամ մինչեւ 3 ամիս ազատազրկում: