Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատմել է Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին 6 բառից բաղկացած երկտողի նախապատմության մասին:
Մասնավորապես, սեպտեմբերի 3-ին "Նոր գիտելիքներ" մարաթոնի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ 2009 թվին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ Հայաստանի գործընկերոջը փոխանցել է "Էդվարդ, համաձայնիր արարողությանը՝ առանց հայտարարությունների" բովանդակությամբ երկտող, անհրաժեշտ համարելով ներկայացնել համատեքստը, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա։
"Իսկ համատեքստն այն էր, որ մոտավորապես 2008 թվին մեզ հայ բարեկամներն ասացին, որ թուրքերն առաջարկում են համաձայնեցնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, հարաբերությունների կարգավորման եւ համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ փաստաթղթեր: Մենք ասացինք, որ դա շատ լավ է, կա՞ն ինչ-որ նախապայմաններ: Ասացին՝ առանց նախապայմանների", - պատմել Է Լավրովը, հավելելով, որ հետո, երբ արդեն գործը հասել է Ցյուրիխում նախատեսված ստորագրմանը, ուր ժամանել էին Հայաստանի եւ Թուրքիայի նախարարները, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԵՄ ներկայացուցիչը եւ անձամբ՝ ինքը, պարզվել է, որ կան նախապայմաններ։
"Մենք պետք է դառնայինք այդ լուրջ քայլի ականատեսը։ Բայց ստորագրումից անմիջապես առաջ պարզվեց, որ թուրքական կողմը խոսում է բոլոր փաստաթղթերը ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերապահումով։ Վերապահման տեքստը չէր համապատասխանում հայկական կողմի դիրքորոշմանը։ Ես այն ժամանակ ասացի հայ գործընկերոջը, որ զգուշացրել եմ նրան, քանի որ այնքան էլ չէի հավատում, որ կլինի առանց նախապայմանների։ Բայց մենք հայտնվել էինք այնտեղ, որտեղ հայտնվել էինք, բոլորը եկել էին և արդյունքում՝ փակուղի", - ասել է Լավրովը։ Նա հավելել է, որ այն ժամանակ թուրք նախարարը համաձայնել էր հրաժարվել հայտարարությունից, բայց արդեն հայկական կողմը պնդում էր իր հայտարարությունը։ Ռուս նախարարի խոսքով ՝ իրենք ֆուտբոլ էին նայում, իսկ երկու նախարարներն էլ վիճում էին, և արդյունքում, նա այն ժամանակ առաջարկել է, որ հայկական կողմը չպնդի հայտարարությունները։ "Արդյունքում՝ համաձայնագրերը ստորագրվել են առանց հայտարարությունների, բայց չեն իրականացվել նույն պատճառով. կողմերը տարբեր կերպ էին տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։ Բայց հիմա, երբ պատերազմն արդեն ավարտվել է, քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման հիմքեր են ձևավորվել, ինձ թվում է, միանգամայն տրամաբանական կլինի, եթե մեր հայ և թուրք գործընկերները վերսկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։ Մենք պատրաստ ենք ամենաակտիվ կերպով օգնել դրան", - ամփոփել է ՌԴ ԱԳ նախարարը ։