Արմինֆո. ԱԺ "Պատիվ ունեմ" եւ "Հայաստան" խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում վճռականորեն դատապարտել են օգոստոսի 24-ին Ազգային ժողովում պատգամավորների նկատմամբ բռնությունները: Խմբակցությունների տարածած համատեղ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Արձանագրում ենք, որ օգոստոսի 24-ը դառնալու է խորհրդարանական պատմության ամենաամոթալի էջերից մեկը, երբ իրենց իշխանություն հռչակած մի խումբ անձանց ապօրինի հրամաններով ՀՀ օրենսդիր մարմնում, Սահմանադրության և օրենքների կոպիտ ոտնահարմամբ տեղի ունեցավ հանցագործություն ժողովրդավարական և խորհրդարանական արժեքների նկատմամբ: Հայաստանում բռնության քարոզն ու ատելության մթնոլորտն ունեն մեկ աղբյուր՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Վստահեցնում ենք, որ հետևողական ենք լինելու այսօր հանցագործություն կատարած անձանց ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական պատասխանատվության ենթարկելու հարցում»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Արմինֆոն, օգոստոսի 24-ին Հայաստանի խորհրդարանում կառավարության 5-ամյա ծրագրի ներկայացումից հետո հարցուպատասխանի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել՝ այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ և կարգադրեց դուրս բերել պատգամավորին ։ Ընդդիմադիրները պաշտպանեցին իրենց զինակցին, և ուժայինները անհամաչափ ուժի կիրառմամբ դուրս բերեցին Կարապետյանին նիստերի դահլիճից։ Նրան մարմնական վնասվածքներ են հասցվել։ Տուժել է ևս մեկ ընդդիմադիր պատգամավոր ՝ Արծվիկ Մինասյանը։ Վերջինս հայտարարել է, որ իրեն հարվածներ են հասցրել պետանվտանգության պահպանության պետը եւ նրա ենթակաները։ Նա հայտարարել է երկրի իրավապահ մարմիններին դիմելու մտադրության մասին։
Օմբուդսմենը քննադատել է նման պահվածքը Հայաստանի օրենսդիր մարմնում՝ հիշեցնելով օրենքին եւ հասարակության կարիքներին ծառայելու նրա անմիջական առաքելության մասին։