Արմինֆո. Այսօր մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Այդ մասին ասվում է մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Նախարարը Մարդու իրավունքների պաշտանին ներկայացրել է դեպքի հետ կապված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել է Նախարարը, բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է:
Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացած զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ: Միջադեպի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին», - ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով, հավելելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ հայ զինծառայողները սպանվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից: