Արմինֆո. Այսօր աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում հանդիպումներ է ունեցել արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Ստանիսլավ Զասը հանդիպել է նաև Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ։
Ինչպես հաղորդում Է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին տեղեկացրել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի եւ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման ընթացքի մասին:
Մասնավորապես, Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ կազմակերպության պատասխանատվության գոտու ողջ պարագծով լարվածությունն աճում է։ Եվրոպական ուղղությամբ շարունակվում է Բելառուսի դեմ համատեղ հարձակումը՝ օրինական իշխանությունը տապալելու նպատակով, ընդ որում, օգտագործվում է, գործնականում, ողջ գործիքակազմը՝ հոգեբանական, տնտեսական պատժամիջոցները և ռազմական ուժի ցուցադրումը՝ Բելառուսի նկատմամբ ճնշում գործադրելու համար։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գնահատական է տվել Հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանում տիրող իրավիճակին: "Աֆղանստանից ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների զորքերի դուրսբերումից հետո այդ երկրում իրադրությունը զգալիորեն սրվել է, երկիրն ավելի ու ավելի է խորասուզվում քաոսի մեջ, կարող է առաջանալ հարեւան Տաջիկստանի տարածք փախստականների զանգվածային ներհոսքի եւ այնտեղ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կազմավորումների ներթափանցման վտանգ", - ասել է Ստանիսլավ Զասը: Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետեւում են տաջիկա-աֆղանական սահմանին տիրող իրավիճակին:
Խոսելով Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի մասին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությունը բացասաբար է ազդում ինչպես հենց Հայաստանի, այնպես էլ ՀԱՊԿ ընդհանուր պատասխանատվության գոտում անվտանգության վրա: "Մենք լրջորեն մտահոգված ենք զինված միջադեպերի հաճախակիացմամբ եւ աշխարհագրության ընդլայնմամբ, որոնց հետեւանքով կան զոհեր։ Կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային հակասությունների քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման հնարավորությունները հեռու են սպառված լինելուց", - ընդգծել է Ստանիսլավ Զասը։
Անդրադառնալով Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի նախապատրաստական աշխատանքներին՝ կողմերը քննարկել են օրակարգային հարցերի համաձայնեցումը, 2022 թվականին ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության առաջիկա նախագահությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ ռազմական բաղադրիչի զարգացման շրջանակներում հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում նախատեսվում է ստորագրել 4 կարևոր փաստաթուղթ: Դրանց թվում են ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի փոփոխությունները, որոնք սահմանում են "համակարգող պետության" միջոցով ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի ներգրավման կարգն ու հնարավորությունը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական եւ հատուկ տեխնիկայով հագեցնելու ծրագիրը:
Արշակ Կարապետյանը եւ Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի 2021 թվականին նախատեսվող զորավարժությունները, որոնք տեղի կունենան հոկտեմբեր-նոյեմբերին Տաջիկստանում եւ Ռուսաստանում: ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է օգոստոսի 10-ին այցելել ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկը:
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ Ստանիսլավ Զասը քննարկել է արդի մարտահրավերներն ու սպառնալիքները և սեպտեմբերի վերջին Հայաստանում կայանալիք "Գրոմ-2021" զորավարժությունը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրանյութային ծառայությունների հատուկ ստորաբաժանումների մասնակցությաբ:
Օգոստոսի 10-ին, ինչպես սպասվում է, տեղի կունենա Ստանիսլավ Զասի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: