Արմինֆո. Հայաստանում նորմալ իշխանության և նորմալ ընդդիմության, ու նաեւ, նորմալ քաղաքական հասարակության առկայության դեպքում իշխանությանը տրվող հարցերի առյուծի բաժինը կվերաբերվեր արտաքին սպառնալիքներին հակազդելու խնդիրներին։ Մենք շարունակում ենք առաջվա պես առաջնորդվել կեղծ հասարակական օրակարգով, որի շրջանակում ծավալվում է "նախկին-ներկա" թատերականացված ներկայացումը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Ժառանգություն" կուսակցության վարչության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Նրա համոզմամբ՝ երկիրն ապրում է նախկին կանոններով, ինչն արտացոլվում է նոր խորհրդարանի կազմով. հին օլիգարխներ, հանրապետականներ, նախկին զինվորականներ և այլն: Դա խոսում է այն մասին, որ իշխանությունը, դրա բովանդակությունը, ըստ էության, չեն փոխվել: Եվ մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանում քննարկվող հարցերի ձևաչափն ու շրջանակը որևէ կերպ չեն համապատասխանում Հայաստանի նկատմամբ առկա սպառնալիքներին", - ընդգծել է նա։
Երկրում տիրող իրադրության, Արցախում պարտության համար, քաղաքական գործչի գնահատմամբ, մեղավոր է թե ներկայիս իշխանությունը, թե նրա բոլոր նախորդները: Առաջինն ի զորու չէ հաղթահարել առկա իրավիճակը, անկարող եղավ երկիրն արագ նախապատրաստել պատերազմի։ Երկրորդներն ամեն ինչ արեցին երկիրը թալանելու, թուլացնելու և տնտեսական լծակներն ու հարստությունները մի քանիսի ձեռքում և դրսի խաղացողների ձեռքում կենտրոնացնելու նպատակով։
Այնուամենայնիվ, այսօր, Մարտիրոսյանի կարծիքով, խորհրդարանում հավաքվել են բոլոր քաղաքական գործիչները, որոնք մեղավոր են Հայաստանի ներկա վիճակի և Արցախում կրած պարտության համար. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյան և նրանց շրջապատը։ Այս բոլոր մարդիկ, քաղաքական գործչի գնահատմամբ, այսօր կատակերգություն են խաղում խորհրդարանում և նրա պատերից դուրս, ինչը առկա խնդիրների լուծումներ ձեւավորելու հույս չի թողնում՝ նման որակի քաղաքական ներկապնակի շրջանակում։
Ավելին, քաղաքական գործչի գնահատմամբ, գործող իշխանությունը միայն նոր խնդիրներ է ավելացնում առկա խնդիրներին։ Դրանցից մեկը, նրա կարծիքով, այսօր ռուս զինվորականների լայնածավալ տեղակայումն է Հայաստանի սահմաններին։ Մինչդեռ, սահմանների պաշտպանությունը, ըստ նրա, պետք է իրականացվի բացառապես ՀՀ լիազորությունների շրջանակում, և այն պարտավոր են կազմակերպել երկրի իշխանությունները։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն չի ավելացնում Հայաստանի ինքնուրույնությունը որոշումների կայացման գործում և ինքնիշխանության որակն ու ամրությունը։
Մարտիրոսյանը խիստ բացասական է գնահատել Հայաստանի գործող իշխանությունների լիակատար ռուսամետ քաղաքականությունը, նշելով, որ առկա պայմաններում դրա դիվերսիֆիկացում ակնկալել կարելի է միայն ապավինելով հրաշքի։ Մինչդեռ, նրա կանխատեսմամբ, նույնիսկ այսօր Հայաստանը լիովին ի վիճակի է ապահովել սեփական անվտանգությունը։ Ինչի համար է անհրաժեշտ երկրում ձևավորել համերաշխության մթնոլորտ և դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, անվտանգության ոլորտում։
"Իրականում այսօր էլ Արևմուտքը, բնականաբար, սեփական շահերից ելնելով, փորձում է աջակցել Հայաստանին։ Եվ մենք տեսնում ենք, որ այս փուլում նրա շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ։ Եվ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, Եվրոպան, ի տարբերություն Ռուսաստանի և Թուրքիայի, խոսում են ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու անհրաժեշտության, արցախյան հիմնախնդրի լուծման երեք սկզբունքների՝ ուժի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին։ Եվ այստեղ կարևոր է ընդգծել, որ այսօրվա վերափոխված իրողություններում այս երեք սկզբունքները բխում են Հայաստանի շահերից", - ամփոփել է Մարտիրոսյանը։