Արմինֆո. Հաշվի առնելով, որ Հայաստանը նախկինի պես գտնվում է բավականին խոցելի վիճակում, իսկ այդ իրավիճակի կառավարումը պահանջում է ճկունության և հեռատեսության մեծ աստիճան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ չեն կարող զարմանք չհարուցել։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ, Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
"Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս զինվորականների տեղակայմանը։ Իշխանությունները պետք է գիտակցեն ինքնիշխանության հաշվին անվտանգության ապահովման և ամրապնդման անհնարինությունը։ Մեր ժողովուրդը որեւէ քաղաքական ուժի վստահության մանդատ չի տվել՝ մեր սահմանները պաշտպանելու գործառույթներն այլ պետության տրամադրելու համար։ Համոզված եմ, որ Մոսկվան իրավիճակը սահմաններին կարող է և պետք է հանգստացնի բացառապես բանակցությունների միջոցով", - նշել է նա։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայությունը, ԵԱՀԿ անհասցե կոչերը Հայաստանի տարածքում Բաքվի կողմից շարունակվող բացահայտ ոտնձգություններին, այդ ամբողջ անպատժելիությունն, ուղղակի, լեգիտիմացնում է Ադրբեջանի այդ գործողությունները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մասնավորապես, սահմանային լարվածության ներկայիս մակարդակը պահպանելու հեռանկարով։
Վերլուծելով Փաշինյանի այս առաջարկը՝ Սաֆարյանը այն գնահատել է որպես ընթացիկ լարվածության նվազեցման ուղղությամբ հեռանկարների բացակայության արձանագրում։ Եվ Մոսկվային ուղղված ուղերձը ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու անհրաժեշտության մասին, եթե ՌԴ-ն իսկապես շահագրգռված է այդ լարվածության անկմամբ ։ Ինչը ավտոմատ կերպով բացառում է ՀԱՊԿ-ին օգնության համար Երևանի հերթական դիմումների անհրաժեշտությունը։
Սաֆարյանի գնահատմամբ, նախկինում Սոտք-Խոզնավար սահմանի պայմանական հատվածում դիտորդներ կամ սահմանապահներ տեղակայելու ՌԴ շահագրգռվածության բացակայության պատճառով տպավորություն է ստեղծվում, որ առաջարկելով սահմանապահներ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով, Երեւանում այնքան էլ դրական պատասխան չեն ակնկալում Մոսկվայից:
"Ամեն դեպքում, Ադրբեջանի հետ ողջ սահմանի վերահսկողությունը Ռուսաստանին վստահելու պատրաստակամությունը վատ մեսիջ է Արևմուտքի համար։ Նույնիսկ, եթե Երեւանում չեն հավատում Մոսկվայից դրական արձագանքին։ Մի կողմից՝ սահմանի վերահսկողությունը Մոսկվային հանձնելու Երևանի պատրաստակամությունը, իհարկե, Արևմուտքում կարող է գնահատվել որպես օգնության և պաշտպանության մասին Հայաստանի հայտարարություն։ Եվ այդ օգնության բացակայությունը Հայաստանին այլ այլընտրանք չի թողնում, քան այդ պաշտպանությունը փնտրել Ռուսաստանում։ Բայց, մյուս կողմից, այդ ամենը կարող է ընկալվել որպես Հայաստանի հերթական քայլ՝ ինքնիշխանության հերթական չափաբաժինը Ռուսաստանին զիջելու համար", - ամփոփել է վերլուծաբանը։