Արմինֆո.ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, հրամանագրեր է ստորագրել պաշտպանության, շրջակա միջավայրի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներ, ինչպես նաեւ փոխվարչապետ նշանակելու մասին:
Ավելի վաղ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին: Այնուհետև, Փաշինյանի առաջարկով, ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակել է Արշակ Կարապետյանին, որն այսօր վարչապետի որոշմամբ ազատվել էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կգլխավորի Նարեկ Մկրտչյանը, ով ավելի վաղ ազատվել էր առաջին փոխնախարարի պաշտոնից, իսկ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար:
ՀՀ նախագահի հրամանագրով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ:
Սահմանադրության համաձայն, կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո ՝ տասնհինգօրյա ժամկետում։ Վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածություններ: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներ եւ նախարարներ, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է ընդունում հնգօրյա ժամկետում։ Եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:
Վարչապետը կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը յոթնօրյա ժամկետում հավանություն է տալիս կառավարության ծրագրին ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետ, սակայն կրկին հավանություն չի տալիս Կառավարության ծրագրերին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Սույն հոդվածի 3-րդ մասը չի տարածվում Սահմանադրության 115-րդ հոդվածին համապատասխան ձեւավորված կառավարության ծրագրի վրա: Եթե այդ կառավարության ծրագրին հավանություն չի տրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով։