Արմինֆո. Սահմանին կրակոցներն ու սպանությունները "զրոյականների" կեսից գոյություն ունեցող ցածր ինտենսիվության հակամարտության շարունակությունն են։ Ոչ մի նոր բան տեղի չի ունենում, պարզապես, փոխվել է Ադրբեջանի հետ սահմանը, որն Արցախի փոխարեն այժմ անցնում է Գեղարքունիքում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
"Ինչ վերաբերում է կոնկրետ վերջին ադրբեջանական հարձակումներին Հայաստանի վրա, ապա այդ բոլոր կրակոցներն ու սպանությունները Երեւանի վրա ճնշում գործադրելու ռազմավարության անբաժանելի մասն են։ Այդ նույն ռազմավարության տարրերն են Ալիևի մշտական հայտարարությունները "ղարաբաղյան խնդրի լուծման" մասին, թեև Հայաստանը կարծում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններում։ Եվ, իհարկե, նաև Ադրբեջանում գերեվարված հայերին պահելը", - նկատել է նա։
Քաղաքագետի կանխատեսմամբ՝ Գեղարքունիքի վրա վերջին հարձակումները լայնամասշտաբ պատերազմի չեն հանգեցնի, այնուամենայնիվ, ցածր ինտենսիվության հակամարտությունը կարող է պահպանվել, քանի որ դա Բաքվի ռազմավարության մի մասն է։ Այդ ռազմավարության նպատակը, ըստ Իսկանդարյանի, Ադրբեջանի համար Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Թուրքիա տրանսպորտային միջանցքի բացումն է, որը հայերը չեն վերահսկելու։ Եվ իհարկե, խաղաղության պայմանագրի ստորագրումը Բաքվի համար ընդունելի ձևակերպումներով, որոնք Ալիևը կկարողանա հանրությանը ներկայացնել որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչում, և Արցախի փաստացի ներառում Ադրբեջանի կազմում։
Մեկնաբանելով Բաքվի պահանջները Հայաստանին, այսպես կոչված, անկլավային գյուղերը հանձնելու մասին, Իսկանդարյանը նկատել է, որ Ադրբեջանն առայժմ ավելի շատ է խնդրում, որպեսզի ավելի քիչ ստանա: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ եթե Երևանը ինչ-որ բան զիջի, ապա շատ շուտով չի գա նաև անկլավների ժամանակը։ Եվ այդ բոլոր նպատակներին հասնելու համար Ալիևը Հայաստանի վրա ճնշում է գործադրում կրակոցներով, սպանություններով, ռազմագերիներով, դիվանագիտությամբ՝ երրորդ երկրների, հիմնականում, Ռուսաստանի միջոցով։
"Այս ամենում Հայաստանի համար հիմնական խնդիրը որևէ նախադրյալի բացակայությունն է այս ամբողջ իրավիճակն ավարտին հասցնելու համար։ Սպասել, որ ադրբեջանցիները, ինչ-որ բան ստանալով, կհանգստանան ու կդադարեն կրակել ու սպանել, ռացիոնալ չէ։ Տեսանելի հեռանկարում Ադրբեջանը ճնշում գործադրելը դադարեցնելու ոչ մի դրդապատճառ չունի՝ պահպանելով նյարդային իրադրությունը սահմանին։ Եվ հենց որ Ադրբեջանը Հայաստանից զիջումներ կորզի՝ նա կշարունակի ճնշումները նորերի հասնելու նպատակով", - ամփոփել է քաղաքագետը։
Հուլիսի 28-ի առավոտյան Ադրբեջանը սկսել է հերթական գնդակոծությունները, սպանություններն ու հարձակումը հայկական մարտական դիրքերի ու գյուղերի վրա։ Սյունիքից, Արարատից ու Տավուշից հետո թշնամու ագրեսիայի օբյեկտը հերթական անգամ դարձավ մեր երկրի Գեղարքունիքի մարզը ։ Ադրբեջանցի զինվորականները թիրախավորել են Կութ եւ Վերին Շորժա գյուղերը: Ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորման զոհ են դարձել երեք հայ զինվորականներ։ Հայկական բանակը, Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, ի պատասխան ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ գործողությունները երկրի սահմանները պաշտպանելու համար և առավոտյան ժամը 09:20-ի դրությամբ թշնամին հետ է շպրտվել ելման դիրքեր: